Քաղաքական

Նախընտրական խոստումներից իրականություն.ինչ են առաջարկում քաղաքական ուժերը անվտանգության ոլորտում


Նախընտրական խոստումներից իրականություն. անվտանգության եւ բանակի խնդիրներ. ի՞նչ են առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքներն այս ոլորտների խնդիրների լուծման ուղղությամբ:

Անվտանգության եւ պաշտպանության խնդիրներն Ազատ դեմոկրատներ կուսակցության ծրագրի առյուծի բաժինն են զբաղեցնում: Կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ՝ տնտեսական խնդիրներից զատ իրենք մատնանշել են, որ կարող են ստվերից 800-ից մինչեւ 1 մլրդ դոլար վերադարձնել բյուջե եւ լուծել անվտանգության ու բանակի շատ խնդիրներ.

«Կրկնապատկելու ենք պաշտպանության ոլորտի ծախսերը: Սա նշանակում է եւ աշխատավարձեր, եւ ընդհանրապես սպառազինությունների վրա ծախսվող գումարներ»:

Ազատ դեմոկրատները նախատեսում է վերանայել մի շարք պայմանագրեր, որոնք, ըստ իրենց, սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: Ներկայացնելով Ազատ դեմոկրատների մի քանի ծրագրային դրույթները՝ Ստեփան Սաֆարյանը հետեւյալ կերպ ամփոփեց.

«Մեր ելակետը հետեւյալն է՝ բանակը պիտի զսպող գործոն լինի, այլ ոչ թե քաղաքականություն իրականացնող: Քաղաքականությունն է, որ պետք է հանդիսանա պատերազմի շարունակությունը այլ միջոցներով եւ խնդիրը չթողնի զինվորի բազկի ուժին»:

Դաշնակցության համար չկա առանձին Արցախի խնդիր: Կուսակցությունը այն դիտարկում է Հայ դատի բաղադրամաս եւ այդ առումով ծրագրային դրույթներն ուղղում բանակի մարտունակության եւ պատրաստվածության ամրապնդման խնդրին: Այս մասին շեշտեց կուսակցությա պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը:

«Մեր պաշտպանվածությունը կարող է ապահովել միայն ուժեղ բանակը, հետեւաբար՝ պետք է վարանայել ընդհանրապես մեր բանակի ռազմավարությունը, մոտեցումները: Խաղաղություն մենք կարող ենք հարկադրել լավ պատրաստված լինելով: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց որպեսզի հակառակորդը վտանգ չսպառնա մեզ, մենք պետք է ունենանք հզոր բանակ: Այս ամենը մենք դիտարկում ենք ազգ-բանակ կոնցեպցիայի շրջանակում»:

Մարտավարությունն էլ պետք է պաշտպանությունից անցնի պատժիչ-կանխարգելիչի՝ հավելեց դաշնակցության պատգամավորության թեկնածուն: Ըստ Դաշնակցության՝ դա է այն մոդելը, որով կարող ենք Ադրբեջանին հարկադրել, որ նա չփորձի խնդիր լուծել ռազմական ճանապարհով: Այս մոտեցումներից էլ բխում են կուսակցության ծրագրային առաջարկներն այս ոլորտում՝ պարզաբանեց Արթուր Եղիազարյանը: Պաշտպանություն եւ բանակ ուղղություններով «Ելք» դաշինքի ծրագրային մոտեցումների մասին խոսեց դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը: Ասաց, որ արտաքին անվտանգության մարտահրավերների լուծման հարցում կարեւորում են ներքին անվտանգության խնդիրները:

«Կոռուպցիան մենք համարում ենք ազգային անվտանգության սպառնալիք: Մենք ապրիլին համոզվեցինք, որ կոռուպցիան կարող է վերածվել արյան: Տնտեսական զարգացումը եւս պետք է դառնա թիկունք բանակում եւ արտաքին անվտանգության հարցերը լուծելու ճանապարհին: Ժողովրդավարությունը եւս անվտանգության մարտահրավերներ են, որոնք պետք է լուծենք առաջիկա տարիներին: Արցախի հետ կապված՝ մենք կարծում ենք, որ հայաստանը պետք է վերականգնի ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ: Այսպիսով, անվտանգության խնդիրը մենք պետք է լուծենք մեր երկրի ներսում՝ հզորացնելով մեր բանակը»:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից Արամ Մանուկյանը կարծում է, որ այս շրջանում գերակայում են իրականությունից կտրված ցանկությունները: Մինչդեռ, իրենց ծրագիրը խոստումներ չեն, իրատեսական են եւ  պարզ.

« Ընդամենը պետք է պատասխանել մեկ պարզ հարցի՝ մենք համաձայն ենք եռանախագահության՝ գերտերությունների 20 տարվա արդյունքում առաջարկած ծրագրին: Պատասխանը պարզ է՝ «այո» կամ «ոչ»: Բոլոր քաղաքական ուժերը միայն դրա պատասխանը պետք է ասեն, որից բխում է բոլոր մնացած հարցերը, որոնք իմ գործընկերները ասացին: Համաձա՞յն ենք բանակցային գործընթացում մեզ ներկայացված առաջարկին, թե՞ ոչ: «Այոն» էլ է լուծում, «ոչ»-ն էլ է լուծում: Մենք ասում ենք՝ ճիշտը «այո» պատասխանելն է»:

Մնացածը պետք է ասեն, որ իրենք համաձայն չեն եւ վերջ. հիմնավորեն եւ ընտրություններին գնան այդ ճանապարհով՝ հավելեց Արամ Մանուկյանը: Հարցի վերաբերյալ Հանրապետական կուսակցության մոտեցումներն այսօր ներկայացրեց կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«ՀԱԿ-ն ասում է, որ եկեք փորձենք քայլեր անել, որ դիմացինին դրդենք խաղաղության, Հանրապետականն ասում է, որ դիմացինին պետք է պարտադրել խաղաղությունը: Երկուսն էլ խոսում են խաղաղության մասին, երկուսն էլ խոսում են անվտանգ զարգանալու հեռանկարների մասին: ՀԱԿ-ը խիստ կասկածում է, որ մենք ռեսուրսներ կարող ենք ունենալ, որ պարտադրենք եւ ասում է՝ եկեք քայլ կատարենք, որ դիմացինին կդրդի գնալ խաղաղության – ես կասկածում եմ: Հանրապետականն ասում է՝ ոյո, ամենամեծ անկյունաքարային խնդիրը անվտանգությունն է, մեկ տարբերությամբ՝ այն պետք է պարտադրել»:

Հասկանալի է, որ անվտանգությունը նախեւառաջ ենթադրում է ծախսեր՝ տնտեսական զարգացման ճանապարհով: ՀՀԿ-ն իր ծրագրով ապահովում է անվտանգության անշրջելի երաշխիքներ՝ շեշտեց Խոսրով Հարությունյանը: Որեւէ այլ կուսակցություն, նրա խոսքով, նման հստակ երաշխիք չի տալիս:

Ցուցադրել ավելի
Back to top button