ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ցուցադրել ավելի
Back to top button