Քաղաքական

Մեկ անձից իրականացվող գնումները՝ դեռեւս խնդիր


«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր ներկայացրել է  հանրային գնումների համակարգի մոնիտորինգի հերթական փուլի արդյունքները: Ուշադրությունը կրկին նուն ուղղությամբ է՝ մեկ անձից կատարված գնումներ, թերի տեղեկություններ, ոչ թափանցիկ ընթացակարգեր:  Ի դեպ գնումների ոլորտը  կանոնակարգող նոր օրենք է ընդունվել, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից: Թե պետության, հակակոռուպցիոն կենտրոնի  ներկայացուցիչները հույս ունեն, որ իրավիճակը կբարելավվի: Կառավարության անդամները այս մասին խոսում են համոզվածությամբ, ՀԿ-ի ներկայացուցիչները ՝ փորձում են լավատես լինել:

2016-ին կառավարությունը  «Մեկ անձից կատարվող գնումներ» ընթացակարգով  մոտ 7000 պայմանգիր է կնքել՝  98 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Տվյալը ներկայացնում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝  ըստ գնումների ոլորտում 2016-ին իրականացրած մոնիտորինգի:

ԹԻ-ն առանձնացրել է մեկ անձի հիմքով կնքված պայմանագրերի երկու խումբ՝ մրցակցության բացակայությամբ  գնումներ, սրանք հաճախ օբյեկտիվ  պատճառներ ունեն  և այլընտրանքի առկայությամբ, բայց  ոչ մրցակցային գնումներ: Առաջին խումբը կազմում է մեկ անձից գնումների 82 տոկոսը և հիմնականում բաժին է ընկնում առողջապահական ծառայությունների համար կնքված պայմանագրերին:

Այլընտրանքի առկայությամբ, բայց  ոչ մրցակցային ընթացակարգով գնումները մեկ անձից իրականացվածների  մոտ 18  տոկոսն են: 2016-ին այդպիսի մոտ 3000 պայմանագիր է կնքվել՝  16 մլրդ դրամից ավելի ընդհանուր արժեքով:

«Քանակային առումով ամենից հաճախ մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք են բերվել ավիատոմսեր  և ստացվել են կապի ծառայություններ: Ավիասպասարկման ծառայությունների համար կնքված պայմանագրերի դեպքում գերակշռող դիրք ունեն մի քանի մատակարար ընկերություններ, դրանցից խոշորագույնը «Ավիատուր Գրուպ» ՍՊԸ-ն է, որն առաջատար է և ընդհանուր պայմանագրային գնով, և պայմանագրերի քանակով: «Ավիատուր Գրուպի»-ի մասնաբաժինը կազմում է ավիասպասարկմանն ուղղված մեկ անձից գնումների 35%-ը»:

Ըստ դիտարկման արդյունքների  պատվիրատուների մեջ  առաջատարներն են պաշտպանության և  արտաքին գործերի նախարարությունները, ապա  Ոստիկանությունը:

Ի դեպ, մեկ անձից կատարված գնումները սահմանափակում ունեն՝ պետք է տեղավորվեն 1 մլն դրամի սահմաններում: Հակակոռուպցիոն  կենտրոնի ներկայացուցիչները նկատում են, որ  հաճախ նույն  ընկերության հետ նույն ժամանակահատվածում կնքում են մեկից ավելի պայմանագրեր բազային միավորը չգերազանցելու համար: Օրինակ՝ Կառավարության աշխատակազմը 2016թ. դեկտեմբեր ամսվա մեջ 840, 648 և 825 հազարական դրամ պայմանագրային գներով երեք պայմանագրեր է կնքել «Ակտիս» ՍՊԸ-ի հետ գրառումների տետրեր գնելու համար:

Շինարարության համար կնքված պայմանագրերում նույնպես գերատեսչություններն ընդգծված նախապատվություններ ունեն.

«Ֆինանսների նախարարությունը Դիլիջանի ֆինանսական դպրոցի շինարարության համար մեկ անձից գնման սկզբունքով 1,024 մլն դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրեր էր կնքել «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ, Քաղաքաշինության նախարարությունը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքների համար մեկ անձով պայմանագրեր է կնքել «Երևանշին» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 877 մլն արժողությամբ, իսկ Արդարադատության նախարարությունը «Գոհարիկ» ՍՊԸ-ի հետ 198 մլն արժողությամբ պայմանագիր է կնքել»:

Այս թվերի հետևում արդյոք  չարաշահումներ  են,  շահերի բախում կամ  թաքնված սեփականատերեր կան, թե ոչ: Վարուժան Հոկտանյանը  կարծում է, որ սա այլ վերլուծության թեմա է: Նշում է, որ կառույցն այս փուլում ձեռնպահ է մնացել վերլուծություններից նաև այն պատճառով, որ դիտարկման ընթացքում ընդունվել է «Գնումների մասին»  նոր օրենքը:  Գնումների համար պատասխանատու հիմնական պատասխանատուի՝  կառույցի ֆինանսների նախարարության ղեկավարը կարծում է, որ կառավարությունն այդ օրենքով համարձակ ու հեղափոխական քայլ է արել:

Օրենքի նորամուծություններից մեկը գնումների ընթացակարգերի թվի կրճատումն է` նախկին 7-ի փոխարեն նոր օրենքով սահմանված է 4 ընթացակարգ, որը միտված է պարզեցնելու ընթացակարգի ընտրությունը գնման գործընթացին մասնակցել ցանկացող տնտեսվարող սուբյեկտի համար: Նոր օրենքով ներդրվում է նաև իրական սեփականատերերի ինստիտուտը, ըստ որի`պետական գնումների մրցույթին մասնակցողը և պետական համակարգում աշխատող պաշտոնյան պետք է ներկայացնեն իրենց փոխկապակցված չլինելու մասին հայտարարություն, որից հետո միայն հայտ ներկայացնողին իրավունք կտրվի մասնակցել մրցույթին:

Որ օրենքը բարելավելու է գնումների ընթացակարգերը, պետական պաշտոնյաները համոզված են, քաղաքացիական հասարակությունը ուզում է լավատես լինել:

Ցուցադրել ավելի
Back to top button