Քաղաքական

Ինչպես է ընթանում Խաղաղության ծրագրի իրազեկումը


Քարոզչական ի՞նչ մեխանիզմներ են կիրառում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ի՞նչ բացահայտումներ է արել դաշինքը, եւ ինչ է առաջարկում: Հարցերի պատասխաններն ամբողջացրել է «Ռադիոլուրը»՝ ամփոփելով նախընտրական մեկնարկի 9 օրերի համառոտ պատկերը։

Խաղաղության ծրագրի իրազեկում՝ մարզեր այցելությունների, ասուլիսների, քննարկումների միջոցով՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ երիտասարդ համակիրների ջանքերով: Չնայած համացանցի լայն օգտագործմանը՝ դաշինքի համար քարոզարշավների ժամանակ անփոխարինելի է մնում բարձրախոսը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է ներկայացնում խաղաղության ծրագիրը, որի առանցքային դրույթը Արցախի խնդրի կարգավորման մասին է: Ո՞րն է խնդրի կարգավորման Կոնգրեսի տարբերակը: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, շեշտում է, որ իրենք գալիս են խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով: Անհավատներին հորդորում է հեռանալ քաղաքական ասպարեզից ու խաղաղության կողմնակիցներին կոչ անում մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին՝ հօգուտ «Խաղաղության» պլատֆորմի իրականացման:

«Մենք պետք է կարգավորենք, և մենք տեսնում ենք, թե ինչպես է դա պետք անել՝ կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Լեռնային Ղարաբաղի խնդիրն, այնպես որ ապահովվի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև, որը շատ կարևոր է, ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ պլանը, ծրագիրը Մադրիդյան սկզբունքների հիման վրա հիմնված Մինսկի խմբի համանախագահների ծրագիրն է, որը նաև 2007 թվականին ընդունվել է Հայաստանի իշխանությունների կողմից, ընդամենը պետք է փութաջան դիվանագիտական ջանքերով հասնել այդ ծրագրի իրականացմանը»:

Ըստ Արամ Մանուկյանի, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-Ռուսաստան, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, ու Արցախի հարցի լուծման հիմնական որոշիչ ուժը դառնում է Ռուսաստանը, որը ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ միասին կարևորագույն դեր է ստանձնում ղարաբաղյան հարցի լուծման գործում եւ խնդրի լուծումը լինելու է հնարավորինս արագ: Ի դեպ, ըստ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանի, տարբեր բնակավայրերում՝ հատկապես մարզային այցերի ժամանակ, նկատել է, որ մի վատ ավանդույթ է ձևավորվել՝ որտեղ լրագրողներ կան, այդտեղ մարդիկ քիչ են գալիս: Ո՞րն է պատճառը՝ քաղաքական գործիչը պատասխանում է:

«Մարդկանց վախեցրել են, թե կադրերով կտեսնեն՝ ովքեր են գալիս,  սպառնալիքներ են ներկայացնում, և շրջաններում մարդիկ զգուշանում են հավաքներին մասնակցել»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավի այցելությունները մեկնարկում են առանց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տեղկացրեց, որ առաջին նախագահն «այլ մարտավարություն ունի, եւ երբեք ստերեոտիպների մեջ չի մտնում և կարծրատիպեր չի կիրառում քարոզչության մեջ»:

Դաշինքը առայժմ  քարոզարշավի ընթացքում առանձնանում է որոշ առանցքային եւ կարեւոր բառերի օգտագործմամբ: Դրանցից է «շնորհապետություն» եզրույթը, որը քարոզարշավի մեկնարկին օգտագործեց Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն նախըտրական 9-րդ օրը ժամը 18-ին կբացի հերթական գրասենյակներից մեկը, որը տեղակայված է Էրեբունի վարչական շրջանում՝ Ազատամարտիկների այգու տարածքում:

Ցուցադրել ավելի
Back to top button