Հասարակություն

«Թումո» կենտրոնը պատրաստվում է կրթական ծրագիր իրականացնել նաև ուսանողների համար

Զարգացնել երեխաների ստեղծարար միտքն ու նրանց դարձնել 21-րդ դարի
մրցունակ մասնագետներ. 2011-ին Երևանում ստեղծված «Թումո» կենտրոնի
սկզբնական գաղափարն էր: Հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից:

Այսօր արդեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանի գլխավոր
այցեքարտերից մեկն է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Թումո»` ծանոթանալու կենտրոնի ներկա
ծրագրերին: Նախարարը շրջեց ուսումնական տարածքով, զրուցեց սաների հետ:

«Թումո» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը նախարարին
ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք ուսուցանվում են
կենտրոնում: Անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ու ֆիլմերի ստեղծում:
Պատանիները կատարում են սկզբնական վարժանքներ այդ չորս ուղղություններով,
այնուհետև ընտրում այն ոլորտը, որն ամենաշատն է հետաքրքրում իրենց:

Կենտրոնի յուրաքանչյուր սան հնարավորություն ունի մանրամասն կառուցելու իր
անհատական ուսումնական պլանը` թումոյականների մշակած հատուկ ծրագրային
հավելվածի միջոցով: Նախարարը հետաքրքրվեց բարձրագույն կրթության ծրագրերից:
Բեկոր Փափազյանը պատմեց, որ առաջատար համալսարաններից մի քանիսի հետ
համագործակցությամբ մշակում են կրթական ծրագիր, որը 5 տարում պիտի
կրկնապատկի Հայաստանում ծրագրավորողների թիվը:

«Թումո»-ում սաների ընտրության միայն մեկ չափանիշ-սահմանափակում կա՝
տարիքը. դիմորդները պետք է լինեն 12-18 տարեկան: Ընդունելության  համար
հարցազրույց կամ քննություն չեն անցկացնում: Բոլոր դիմորդներին ընդունում
են և հավասարապես տալիս սովորելու հնարավորություն:

15-ամյա Հովհաննեսն ու Ալբերտն այդ հնարավորությունից օգտվում են արդեն 3
տարի. 3D մոդելավորման դասընթաց են անցնում: Տղաները պատմեցին, որ մեծ
հետաքրքրությամբ են գալիս կենտրոն. «Թումո»-ում դասերը դպրոցի դասաժամերին
նման չեն. «Այստեղ, երբ հարց ես տալիս, մարզիչն անմիջապես չի ասում
պատասխանը, այլ այնպես է ուղղություն ցույց տալիս, որ ինքդ փնտրես ու գտնես
քո հարցի ճիշտ պատասխանը»,- նշեց Ալբերտը:

Ներկայում «Թումո» կենտրոններ գործում են նաև Դիլիջանում, Գյումրիում և
Ստեփանակերտում:

Նախարարը այցելեց նաև «Թումո»-ի շենքում գործող «Picsart» ընկերություն:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերեր ունեցող նկարների խմբագրման այս
հավելվածը  ստեղծվել է հայ մասնագետների կողմից: 2010թ-ին նորաստեղծ
ընկերությունն ընդամենը 10 աշխատակից ուներ, այսօր արդեն «Picsart»-ի
մեծաթիվ աշխատակիցներն իրենց արտադրանքն են զարգացնում նորաձև ու ընդարձակ
գրասենյակում:

Ֆոտոխմբագրման հավելվածների բազմազանության մեջ հայկական ընկերությունը
հաջողությամբ մրցակցում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերի` այդ
թվում «Instagram»-ի հետ:

Ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը նախարարին ցուցադրեց հավելվածի
ֆունկցիաները: Օրական 3 միլիոն լուսանկար մտնում է «Picsart»:

«90 միլիոն ակտիվ օգտատեր ունենք և մինչ օրս 400 միլիոն ներբեռնում,
սակայն Հայաստանում հավելվածն օգտագործողների թիվը մեծ չէ»,- ասաց Միքայել
Վարդանյանը:

«Picsart»-ի տնօրենի խոսքով` գլխավոր խնդիրը, որ ունեն, մասնագետների
պակասն է: Ակնկալում են կրթական համագործակցություն մասնավոր
ընկերություն-համալսարան ձևաչափով ` պատրաստելու համապատասխան մասնագետներ
և  լրացնելու ոչ միայն իրենց, այլև հայաստանյան մյուս ՏՏ ընկերությունների
թափուր աշխատատեղերը:

Ցուցադրել ավելի
Back to top button