Քաղաքական

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի  ուղղությամբ՝  Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։  ԱՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու  են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա),  ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button