Քաղաքական

Վարչապետը քննարկել է Վայոց Ձորի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները


ՀՀԿ նախընտրական քարոզարշավի հերթական վայրը երեկ Վայոց ձորն էր: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հանրապետականները համայնքային հանդիպումներ են անցկացրել եւ իրենց ծրագրերը ներկայացրել Եղեգնաձոր ու Վայք քաղաքներում եւ Մալիշկա գյուղում:

 

ՀՀԿ նախընտրական քարոզարշավը Սյունիքից հետո շարունակվել է Վայոց ձորում: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հանրապետական կուսակցությունը երեկ քարոզարշավ է անցկացրել Վայքում, Եղեգնաձորում եւ Մալիշկայում: Կուսակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենց կուսակցության օգտին քվեարկելով՝ ընտրողը քվեարկելու է Հայաստանի անվտանգության համար: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, մասնավորապես, մանրամասնել այս թեման՝ Եղեգնաձորում կայացած հանդիպման ժամանակ:

Բավականին մանրամասն ներկայացնելով Հանրապետականի նախընտրական ծրագիրը՝ Կարեն Կարապետյանն էլ իր հերթին շեշտել է, որ ծրագրում որեւէ արհեստական դրույթ չեն ներառել: Նա կարեւոր հանգամանք է համարել, որ Հանրապետական կուսակցությունն արդեն իր իսկ սխալների վրա փորձվել է. իրենք այլեւս գիտեն ուժեղ ու թույլ կողմերը:

Ներկայացված տնտեսական զարգացումների ծրագրով հստակ ախտորոժվել են բոլոր ոլորտների հիմնախնդիրները, հիվանդություններն ու թերի կետերը՝ հավելել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վստահեցնելով, որ տվել են նաեւ հարցի պատասխանը, թե ինչպես պետք է շարժվել եւ դեպի ուր պետք է գնալ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Վայոց ձորում անցկացրած քարոզարշավում նույնպես անդրադարձել է ներդրումների խնդրին՝ շեշտելով, որ կոնկրետ Վայոց ձորում ակնկալում է, որ միայն այս տարի կլինի 109 մլն դոլարի ներդրում: Կարեն Կարապետյանը նաեւ մատնանշել է այդ ներդրումների հիմնական ուղղությունները՝ հանքային ջրերի արդյունաբերություն, կաթի եւ պանրի արտադրություն, խաղողի մշակում:

Քարոզարշավի ընթացքում վարչապետը Կարեն Կարապետյանը նաեւ զրուցել է քաղաքացիների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու տվել պատասխաններ: Քաղաքացիների բարձրացրած հարցերի առավելագույն մասը եղել է կենցաղային բնույթի: Ելնելով դրանցից՝ վարչապետը շեշտել է, որ նախընտրական շրջանում հասկանալի պատճառներով շատ հարցերի չի կարող ընդառաջել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button