Ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությունը ընտրուններից հետո


Դասական տնտեսագիտական թվերը, Հայաստանի տնտեսության իրական պատկերն ու նախընտրական այս փուլում ընտրազանգվածին ներկայացվող տնտեսական խոստումները համադրել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Երկու տասնյակից ավելի ցուցանիշերով Հայաստանն իր տնտեսական համակարգով գտնվում է տնտեսական անվտանգության նվազագույն նորմատիվային շեմից ցածր մակարդակի վրա»,- ասել է տնտեսագետը:
Նախընտրական ակտիվ այս փուլում քաղաքական ուժերն ու դաշինքներն ակտիվորեն հանդիպում են ընտրազանգվածի հետ՝ ներկայացնելով իրենց ծրագրային հիմնական դրույթները: Հիմնական շեշտն այս օրերին դրվում է սոցիալական խնդիրների վրա: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրանց, այսպես ասենք, իրականությանը հնարավորինս մոտ լինելը համադրում է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի հետ, նշում տնտեսական անվտանգության դասական ցուցանիշերն ու համադրում հայկական իրականության հետ.
«Որպեսզի համարվի որ տնտեսական անվտանգության նվազագույն շեմը բավարարում է ներդրումների ցուցանիշի գծով, առնվազն տարեկան ներդրումների ծավալի հաշվով պետք է ՀՆԱ-ի 25 տոկոսը ներդրում իրականացվի: Եթե վերցնենք, որ մեր երկրի ՀՆԱ 10 մլրդի կարգի է, ապա 2016թ 92 մլն դոլարի ուղղակի ներդրումներ են իրականցվել, նշանակում է, որ 10 տոկոսից էլ ցածր ցուցանիշի վրա է»:
Ցանկացած երկրի տնտեսական անվտանգության համար աղքատության ու գործազրկության 7 տոկոս շեմը համարվում է բավարար, մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 30 տոկոսից ավելին, գործազուրկ է՝ 18 տոկոսը՝ կրկին՝ պաշտոնական տվյալներով:
Պետական պարտքի շեմը նույնպես հեռու է տնտեսական անվտանգությունից՝
«Նվազագույն շեմը պարտք- ՀՆԱ հարաբերակցության 25 տոկոս է, այն գերազանցելու դեպքում խոսել բարձր տնտեսական աճերի, երկնիշ թվերով աճերի մասին, ռեալ չէ, մասնագիտական մոտեցում չէ»:
Հայաստանում, հիշեցնենք, պարտքը հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմը:
Ամփոփելով՝ Ատոմ Մարգարյանը նշում է. «Երկու տասնյակից ավելի ցուցանիշերով Հայաստանն իր տնտեսական համակարգով գտնվում է տնտեսական անվտանգության նվազագույն նորմատիվային շեմից ցածր մակարդակի վրա»:
Ունենք այն, ինչ ունենք, իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը ընտրական ակտիվ այս փուլի ավարտից հետո: «Այլընտրանք» հետազտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ, Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը միայն Հայաստանով պայմանավորված չէ, կան տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ, որոնք պետք է անպայման հաշվի առնել:
Մանասերյանը կարևորում է կառավարության, ու ոչ միայն, տարբեր ծրագրերին փորձագիտական հանրության մասնակցելու գործընթացը: Նա որոշակի մեկուսացում է նկատում, նշում, որ «թեև ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ձևավորված է, սակայն փորձագիտական հանրության հետ կապ դեռևս չի հաստատվել»:
Տնտեսագետը միաժամանակ չի հերքում, որ ընտրությունները կարող են ազդեցություն թողնել տնտեսության վրա։ «Ակնհայտ է, որ գործարար աշխարհը սպասումների մեջ է: Չեն կարող մեծածավալ ներդրումներ իրականացվել, եթե տվյալ երկրի ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել»,- նկատում է զրուցակցիս՝ նշելով՝ սա միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ: