Տնտեսական

«Հալալ»-ը՝ Հայաստանում


«Հալալը» ՝ Հայաստանում է, Մամիկոնյանց 23 հասցեում: Այսօր և այսուհետ՝  Հայաստան այցելող մահմեդականները կարող են հանգիստ  լինել՝ այստեղ նրանք կգտնեն իրենց կրոնին համարժեք   «Հալալ» սնունդ ու  ծառայություններ:  Երևանում այսօր բացվել է  «Հալալի» գրասենյակը: Միջազգային այս  ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Միջազգային գրասենյակը գործում է 2004 թվականից։  Աբդուլ Հոսեն Ֆախարին  նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելու համար «Հալալ» մակնշում։

Հայերի  ու իրանցիների բարեկամությունն ու հարևանությունը դարերի պատմություն ունի: Նրանք սակայն շատ  տարբեր են՝ սկսած կրոնից ու ավանդույթներից:  Հայաստանում, օրինակ, կենդանիների մորթ կազմակերպվում է՝ առանց հատուկ արարողակարգերի:

Մահմեդականները, ինչպես նաեւ հուդայականները հատուկ կանոնակարգով են ոչխար  մորթում: Սա նրանց համար կենսական նշանակություն ունի։ Նախ՝ աղոթքը պարտադիր է.

Մորթելուց առաջ  կենդանու գլուխը դեպի Մեքքա են ուղղում: Մորթում են միայն երկաթե դանակով:  Մինչ այդ՝ կենդանու համար հանգիստ պայման են ապահովում, մորթելիս կենդանին չպետք է սթրեսի ենթարկվի:

Հայաստանում նմանատիպ  մորթ կազմակերպում են երկու կազմակերպություններ, սակայն այդ միսը ոչ բոլոր ռեստորաններն են օգտագործում: Սա Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների համար լրջագույն խնդիր է:  Իրանահայ Ալեքսանդր Սահակյանն է զրուցակիցս, նրանից փորձում եմ պարզել, թե ինչպես են զբոսաշրջիկները մինչ այժմ սնվել Հայաստանում.

Իրանցի զբոսաշրջիկները մեր երկրում նաև այլ ծառայություններից են դժվարությամբ օգտվում կամ չեն օգտվում՝ առողջապահական հիմնարկները, գեղեցկության սրահները,  անգամ բանկերը նրանց համար փակ են: Իսլամական  օրենքով՝ տոկոսադրույքով վարկերը վաշխառություն է՝ ուստի հարամ է՝ պատմում է իրանահայ զրուցակիցս:

Այժմ արդեն Հայաստանում զբոսաշրջիկները,  ու ոչ միայն, կկարողանան օգտվել այս ծառայություններից, իհարկե եթե տեսնեն «Հալալ» ապրանքանիշը։ «Հալալը»  մահմեդականները համար սուրբ և հարգանքի արժանի տերմին է: Այս ապրանքանիշն ունեցող  տնտեսվարողներն ու արտադրողներն այսուհետ հանգիստ կարող են սպասարկել իսլամի հետևորդներին, ինչպես նաև  իրենց  արտադրանքը աշխարհի ավելի քան 50 մահմեդական երկրներ արտահանել:    Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը  վստահ է՝  « հավաստագիրը » հայ տնտեսավարողներին նոր շուկաներ գտնելու  հնարավորություն կտա:

Հայաստանից հիմնականում ոչխար կամ ոչխարի միս է արտահանվում  Իրանի Իսլամական Հանրապետություն՝ ասում է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ու ընդգծում՝  Իրանը Հայաստանի համար անասնաբուծական արտադրանքի  պոտենցիալ շուկա է:

Առաջիկայում հայ տնտեսվարողների համար դասընթացներ կկազմակերպվեն, որտեղ նրանք կստանան  իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Ցուցադրել ավելի
Back to top button