Քաղաքական

Ում ընտրել եւ ինչի համար.բացատրում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները


Երեւանյան մամուլի ակումբներում խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ այսօր ամփոփել են նախընտրական քարոզարշավի անցած շրջանը՝ կիսելով նաեւ իրենց տպավորություններն այն մասին, թե որքանով է հաջողվում իրենց հիմնական ասելիքը հասցնել ընտրողներին: Կոմունիստներից Վազգեն Սաֆարյանը, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից Զոյա Թադեւոսյանը, Ազատ Դեմոկրատներից Անժելա Խաչատրյանն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից Սուսաննա Մուրադյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նաեւ փորձել են եւս մեկ անգամ ընդգծել իրենց ներկայացրած ուժերի այն գլխավոր առավելությունը, որի համար, ըստ իրենց, ընտրողները պետք է ձայն տան հենց իրենց:

Քարոզարշավը կոմունիստների համար նորմալ հունով է ընթանում: Այս մասին հայտնեց կոմունսիտների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը: Ամփոփելով նախընտրական քարոզչության անցած շրջանը՝ նա արձանագրեց, թե իր տպավորությամբ ժողովուրդն այս ընտրություններից սպասումներ ունի:

«Արմատական փոփոխությունների ակնկալիքներ ունի: Հիմնական հարցադրումներն են՝ ե՞րբ են բարձրանալու թոշակները, ե՞րբ ենք մենք սոցիալական բարեմասնություններից օգտվելու՝ անվճար կրթության, բուժման եւ այլն: Այս հարցերը, բնականաբար, ի սկզբանե տեղ էին գտել մեր նախընտրական ծրագրում: Մենք փորձել ենք ցույց տալ այն ճանապարհները, որով հնարավոր է ապագա հետընտրական հասարակարգում այդ նորմերը՝ սոցիալական արժեքներն ու երաշխիքները վերադարձնել ժողովրդին»:

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է լրջորեն մոտենա այս ընտրություններին եւ ընտրություն կատարի գաղափարախոսությունների միջեւ, այլ ոչ թե լոզունգների ու նորահայտ կուսակցությունների ոչ իրատեսական առաջարկների: Սոցիալիզմի արժեքների վրա ենք հենվում եւ կարծում ենք, որ մեր ժողովուրդն այդ արժեքների կրողն է՝ սոցիալիստամետ է՝ համոզմունք հայտնեց կոմունիստների ներկայացուցիչը:

Այս մոտեցումը, բնականաբար, չեն կիսում ընտրություններին մասնակից մյուս համեմատաբար նոր քաղաքական ուժերն ու դաշինքները: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանն, օրինակ, կարծում է, որ իր ներկայացրած քաղաքական ուժն այս ընտրություններում ունի հստակ առավելություն, ինչը չկա մյուս քաղաքական ուժերի մոտ:

«Մենք ընդունել ենք այն մարտահրավերը, որն այսօր կանգնած է ՀՀ առջեւ: Այդ մարտահրավերը ԼՂ հիմնախնդրի լուծումն է խաղաղ ճանապարհով, առանց որի ոչ մի տնտեսական ծրագիր եւ այլ տիպի ծրագրեր՝ սոցիալական, մշակութային եւ այլն, հնարավոր չէ իրացնել՝ առանց այդ խնդիրը լուծելու»:

Խաղաղությանը կողմ են նաեւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում: Դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանն այսօր շեշտեց, սակայն, որ իրենց դաշինքին պետք է ընտրել, քանի որ իրենք առաջարկում են արժանապատիվ խաղաղություն:

Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանի փոխանցմամբ, մինչդեռ, իրենք համոզված են, որ Հայաստանի զարգացման տեսլականն ու անվտանգությունն ապահովելու հնարավորությունը գալիս է այն ժամանակ, երբ առկա են ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող ու զարգացած պետություն: Ազատ դեմոկրատները համոզված են, որ Հայաստանն այդ ուղի դուրս կգա միայն մեկ դեպքում՝ եթե դուրս գա ԵՏՄ-ից ու շարժվի ԵՄ ուղղությամբ:

«Հստակ է, որ մենք միացել ենք այնպիսի կենտրոնի, որը մեզ ոչ միայն տնտեսական արտոնություններ չի բերում, այլ նաեւ այնտեղ ոտնահարվում են թե՛ մեր քաղաքական, թե մեր պետական շահերը եւ նաեւ չի երաշխավորվում անվտանգություն: Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ կարող եմ հստակ նշել, որ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը տարբերվում է մնացածներից՝ զուտ հենց այդ ասպեկտով: Մենք ասում ենք, որ Հայաստանի զարգացումը պետք է տեսնել զարգացած կենտրոնների հետ համագործակցությամբ: Հետ գնալով՝ չես կարող զարգացում ապահովել: Կարեւորը դա է՝ Հայաստանը լինի ԵՄ-ի լիիրավ անդամ: Երբ որ մենք կունենանք դա՝ այդ ժամանակ կունենանք նաեւ մնացած տեմպերը»:

Այս հարցում, այսպես ասենք, Ազատ դեմոկրատների եւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ջրերը մի առվով չհոսեցին:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին. Ազատ դեմոկրատների համար հստակ է՝ այն պետք է լուծվի փաթեթային եւ ոչ թե փուլային տարբերակով: Նրանք ձգտելու են հասնել նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման:

Ցուցադրել ավելի
Back to top button