Քաղաքական

Հանդիպում արմավիրցի կոմունիստների հետ


ՀԿԿ այսօր նախընտրական քարոզչություն է իրականացրել Արմավիր քաղաքի և հարակից գյուղերի կոմունիստ ընտրողների հետ: Հանդիպումն ավելի ուշ է սկսվել, քանի որ քիչ թվով  մարդիկ էին եկել: ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Գագիկ Մանուկյանը այն պայմանավորել է վախի մթնոլորտով,  իսկ ՀԿԿ Արմավիրի տարածքային թեկնածու Վրեժ Փիլոյան՝գարնանային գյուղատնտեսական աշխատըանքների սկսմամբ: ՀԿԿ նախընտրական շտաբի քարոզիչները  քայլերթով  Արմավիրի հրապարակից հասել են քաղաքային զբոսայգի և ծաղկեպսակ դրել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը  խորհրդանշող հուշարձանին:

Արմավիր քաղաքի հրապարակում արդեն 4-րդ օր է, որ իրենց կուսակցության ու դաշինքի քարոզարշավն են անում խորհրդարանական ընտրություններում գրանցված կուսակցություններն ու դաշինքները: Այսօր հերթը կոմունիստական կուսակցությանն էր:  Մյուս կուսակցությունների նախընտրական քարոզարշավի համեմատությամբ հանդիպման մասնակիցներն անհամեմատ քիչ էին: ՀԿԿ Արմավիրի շրջկոմի 1-ին քարտուղար Վրեժ Փիլոյանն ասաց, որ  հանդիպման մասին անձամբ է իրազեկել գյուղում ապրողներին,  միևնույն ժամանակ արդարացրեց՝  գարնանային գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում:

ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Գագիկ Մանուկյանն էլ վստահ է, որ մարդկանց հավատն է կորել կուսակցությունների նկատմամբ՝ տեսնելով նույն մարդկանց տարբեր դրոշների տակ:

Հանդիպման մասին ՀԿԿ կենտկոմի  նախընտրական շտաբի մեքենան շրջելով Արմավիր քաղաքի փողոցներով, բարձրախոսով իրազեկում էր  արմավիրցիներին՝ գնալ հանդիպման: Հանդիպումը ընտրող ակտիվի հետ նախատեսվածից ավելի ուշ սկսվեց: Դահլիճում մոտ 3 տասնայակի հանող ալեհերներ էին, հավատարիմ կուսակցականներ: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն ԱԺ ներկայացել է համապետական  173 թեկնածու ունեցող ընտրական  ցուցակով, որոնց կազմում են Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի ու հասարակական կառույցների անդամները:

Տաճատ Սարգսյանը երկար խոսեց հին ժամանակների մասին, որտեղ լիարժեք  իշխում էր սոցիալիզմը, արդարությունը և ամեն ինչ մատչելի էր հասարակ ժողովրդին, քանի որ այն ժամանակներում,  երբ իշխանության գլուխ իրենք էին, հավասարություն է եղել:  Ժամանակները փոխվեցին 27 տարի առաջ:

Նախընտրական քարոզարշավին կոմունիստները չներկայացրեցին տարածքային թեկնածուներին,  թեկնածուների քարոզչական բուկլետներ չկան, պաստառներ ՝ նույնպես: Այս ամենը բացատրվում ֆինանսական սղությամբ, բայց վստահ են, որ կհաղթահարեն շեմն ու կմտնեն ԱԺ:

ՀԿԿ ցուցակի առաջին համարի թեկնածուի խոսքում հնչած Հայաստանի և Արցախի անկախության տեսակետին ըմբոստացավ կուսկցական Ջուլիետա Ավետիսյանը:

«Մենք մի երկրում ենք ապրել, ինչու եք առանձնացնում մեզ»:

Մյուս կուսակիցները  այնքան էլ համամիտ չեն արմավիրցի կին կոմունիստի հետ: Կոմունիստների հանդիպումը և ելույթները ներկաներին վերադարձրին անցյալ, կոմունիստական ժողովներ, թվային բարձր ցուցանիշներ:

Հանդիպումն ավարտեցին քայլերթով դեպի Արմավիրի քաղաքային զբոսայգի, դեպի հայրենական մեծ պատերազմի հաղթանակը խորհրդանշող մայր Հայաստան հուշարձան: Քայլերթի ընթացքում կոմունիստները բարձրախոսով կոչ էին անում քվեարկել թիվ 7 քվեաթերթիկով, ձայնը տալ կոմունիստներին, որոնց նշանաբանը իրենց գաղափարախոսությունն է՝ հայրենիք, աշխատանք սոցիալիզմ:

Քաղաքային զբոսայգում կոմունիստները  ծաղկեպսակ դրեցին և խոնարհվեցին հուշարձանին ու շարունակեցին ճանապարհը դեպի  Բաղրամյանի շրջկոմ՝ հանդիպելու տեղի կոմունիստ ընտրողների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button