Քաղաքական

Զախարովան՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Ռուսաստանը կշարունակի միջնորդական առաքելությունը՝ ուղղված արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում հակամարտությունը կարգավորել մոտեցումների հիման վրա, որոնք շարադրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում. դրանց համաձայն հակամարտությունը ուժային լուծում չունի:

«Եռյակի հետ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում կշարունակվեն նաև Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչը թույլ է տալիս կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի վերաաբերյալ»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով արցախյան հակամարտության կարգավորման հարցում ռուսական ձեռքբերումների մասին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ 1994թ. Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը մինչ օրս ընկած է հրադադարի հիմքում:

«Հենց Ռուսաստանն է զգալի դերակատարում ունեցել անցած տարվա ապրիլի սկզբին ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հրամանատարներին»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button