Քաղաքական

Քաղաքական ուժերի տնտեսական մոտեցումներն ու խոստումները


Տնտեսական ինչ առաջարկներով են մասնակցում խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը: Այս թեմայով քննարկման են այսօր մասնակցել մի քանի ուժի ներկայացուցիչներ: Ընդհանուր գծերով առանձնացնելով իրենց ծրագրերը՝ նրանցից յուրաքանչյուրը շեշտել է, թե իրենք կարող են կյանքի կոչել դրանք, զուտ խոսքեր չեն ասում, այլ՝ դրանք լինելու են իրենց պարտավորությունները, երբ առաջիկա ընտրություններում աջակցություն ստանան ընտրողներից: Կան կուսակցություններ, որոնք ծրագրերի իրականացման ժակմետներ էլ են նշում, մինչդեռ, ուրիշները կարծում են, որ եթե որեւէ կուսակցություն նման ժամկետ է ամրագրում, ուրեմն՝ դա տեղի չի ունենա:

 

 

Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի անդամ Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ իրենց տնտեսական քաղաքականությունն ուղղվելու է 4 թիրախային խմբի: Ծրագրում ներկայացված են մանրամասները: Այսօր նա մի օրինակ առանձնացրեց առաջնային քայլերից.

«Մեծ կապիտալով ձեռնարկությունները սննանկացման եզրին են կանգնեցրել փոքր կապիտալին եւ այստեղ կարելի է հարկային արտոնությունների կամ հարկային արձակուրդի միջոցով թույլ տալ տնտեսությանը շնչել: Օրինակ՝ մեր ծրագրային կետերից մեկն է, որ մեծ սուպերմարկետները ժամը 21-ից հետո չաշխատեն՝ թույլ տալով փոքրերին որոշակիորեն մեծացնել իրենց եկամուտները»:

«Ծառուկյան» դաշինքը 15 առաջարկներ էր ներկայացրել, որոնց վերաբեյալ եղան քննադատություններ, թե դրանք անիրատեսական են: Դաշինքի ներկայացուցիչ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մինչդեռ, այդպիսի գնահատականների ու հաշվարկների հետ համամիտ չէ.

«Ի՞նչն է անիրատեսական: Դրա համար ռեզերվներ կան, դրա համար ամեն ինչ կա. միայն ստվերային տնտեսությունը փոքր-ինչ կրճատելու պարագայում «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը շռնդալից ու հասարակ ձեւով կկատարվի: Ինչի՞ մասն է խոսքը»:

Հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունը, ազատ մրցակցության խնդիրը, պարտքերի կառավարումը – այս ամենը «Ծառուկյան» դաշինքում դրված են համալիր ձեւով՝ շեշտեց Վարդան Բոստանջյանը՝ նշելով նաեւ, թե՝ 15 կետերը, որ ներկայացված են պարզապես առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներն են:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունից տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նկատեց, որ գրեթե բոլոր կուսակցությունների համար էլ տնտեսական ծրագրերը միեւնույնն ուղղվածությունն ունեն: Ծրագրերն իրականացնելու հնարավորությունների մասով էլ իրենց կուսակցության առաջարկներից մեկն առանձնացրեց.

«Օրինակ, հարկային համակարգի միջոցով առաջարկելով շքեղության եւ, կոպիտ ասած, հարստության հարկի բաշխման մեխանիզմը, որը կոչվում է նաեւ «Ռոբին Հուդի մոդել», մենք առաջարկում ենք նաեւ վերաբաշխման առանձին սխեմաներ: Եթե բաշխման սխեման փոխվում է, ապա հենց միայն այդ միջոցները կարելի է մի շարք սոցիալական խնդիրների լուծմանն ուղղել»:

Հայաստանի զարգացման հիմք «Ելք» դաշինքը զարգացած տնտեսությունն է համարում եւ կարեւորում է գիտելիքահենք տնտեսությունը: Թե ի՞նչ է առաջարկում այդ ամենի համար՝ ներկայացրեց դաշինքի անդամ Գեւորգ Գորգիսյանը: Դաշինքի նախատեսած տնտեսական քայլերից մեկը՝ հակիրճ.

«Համաչափ զարգացման համար կգոտիավորվի ՀՀ-ն եւ  մարզերի համար կսահմանվեն համապատասխան եկամտահարկեր եւ համապատասխան շահութահարկեր, որպեսզի ներդրողին ձեռնտու լինի գնալ եւ մարզերում կատարել իր գործունեությունը»:

Թվում է, թե ընկերվարական գաղափարախոսությունը Հայաստանում լայն տարածում ունի եւ հենց այդ սկզբունքների վրա են քարոզչություն իրականացնում քաղաքական ուժերը՝ իր գործընկերների խոսքերից ստացած տպավորությունները կիսեց  ՀՅԴ ներկայացուցիչ Սուրեն Պարսյանը: Նա մի առանձնահատկություն շեշտադրեց, որն էլ Դաշնակցության տարբերությունն է լինելու մյուսներից.

«Մենք հետապնդելու ենք նաեւ աճի եւ արդյունքների արդարացի բաշխումը: Միայն այդ ձեւով է, որ մենք կարողանում ենք կառուցել արդար հասարակություն, ինչպես նաեւ ընկերվարական հասարակություն»:

Տնտեսական ուղղվածության առումով հստակ են նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության մոտեցումները՝ ազատականացման ճանապարհով տնտեսության զարգացում: Կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի գնահատմամբ՝ այդ իմաստով ԵՏՄ-ն Հայաստանի ճիշտ տեղը չէ:

«Մենք չենք պատկերացնում մեր տնտեսության զարգացումը տվյալ համակարգում: Մենք պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական Միության հետ ինտեգրման ճանապարհով զարգացման մեջ»:

Քննարկմանը մասնակից քաղաքական ուժերի գրեթե բոլոր ներկայացուցիչներն էլ այսօր պնդեցին, թե տնտեսական աճի ապահովման համար Հայաստանն ունի լուրջ ռեսուրսներ, որոնք, սակայն, օգտագործելու տեսանկյունից ունեն բավականին շատ խանգարող հանգամանքներ: Յուրաքանչյուրը վստահ է, որ այդ խանգարող հանգամանքները վերացնելու կարողությունը հենց իր ներկայացրած քաղաքական ուժը կամ դաշինքն ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button