Մշակույթ

Գարունը՝ ռոքով


ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Ռոք ասոցիացիան» ներկայացնում են Music Drive երևանյան միջազգային ռոք փառատոնը, որը կանցկացվի մարտի 24-ին, 25-ին և 26-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կլինեն նաև ակումբային ելույթներ ու  բացօթյա  համերգներ հարակից «Անգլիական այգում»: Փառատոնի աջակիցն է «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը: Music Drive-ն անցկացվում է առաջին անգամ, բայց հավակնում է դառնալ ամենամյա:

Եռօրյա ռոք փառատոն Երևանում, որի նախաձեռնողն ու կազմակերպիչն են՝ Հայաստանի մշակույթի նախարարությունն ու «Ռոք ասոցիացիան»: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տեղեկացմամբ` ամբողջությամբ պետական միջոցներով իրականացվող փառատոնին տրամադրվել է 32 միլիոն դրամ, որը, ըստ նախարարի, միանգամայն արդարացված է, քանի որ մշակութային զատ փառատոնից ակնկալում են նաև «մուլտիպլիկատիվ էֆեկտ», որն անհամեմատ ավելին է լինելու: Իսկ ինչու հենց ռոք փառատոն.

«Ինչու՞ ռոք փառատոն, որովհետև ռոքը երիտասարդությունն է, ազատ մտածողությունը, այն ազատությունը, որին ձգտում ենք բոլորս: Ես համոզված եմ, որ փառատոնը կդառնա ամենամյա և յուրաքանչյուր տարի գարունը մենք կդիմավորենք այս գեղեցիկ փառատոնով: Այն նոր գույն ու տրամադրություն կհաղորդի մեր քաղաքին»:

Ութ խումբ արտերկրից ՝ Անգլիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Դանիայից և այլն: Music Drive-ի գլխավոր համակարգող Վարդան Գրիգորյանի խոսքով՝ նրանց մեջ կան բավականին հայտնի խմբեր, վիրտուոզ երաժիշտներ:

Ինչ վերաբերում է հայ ռոքերներին` «Փորձել ենք ներգրավել գրեթե բոլորին՝ ինչպես երիտասարդներին, այնպես էլ հայտնի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Վահան Արծրունին, Արտո Թունջբոյաջյանը և այլն: Այս ժանրում մենք ունենք մեծ ներուժ, որը ներկայացնելու խնդիր կա»:

Փառատոնի նպատակը՝ ըստ Վարդան Գրիգորյանի. «Ապահովել Հայաստանի ներկայությունն ու տեսանելիությունը  միջազգային ռոք հարթակում, ձևավորել փառատոնային ավանդույթներ նաև այս ոլորտում, միմյանց հետ շփվելու, փորձով փոխանակվելու հնարավորություն ստեղծել»:

Երաժիշտ Վահան Արծրունու բնորոշմամբ՝ ժանրային առումով այս փառատոնը բացառիկ երևույթ է. «Fusion-ից մինչև progrock երաժշտություն: Համացանցում մասնակիցների տեսահոլովակները դիտելուց հետո հասկացա, որ գործ ունենք ապշեցուցիչ մակարդակի հետ»,-ասում է երաժիշտը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button