Հասարակություն

67-ամյա գործարար Սոնիկը ակնկալիքներ ունի վարչապետից ու կառավարությունից


Օրվա հերոսը կինն է, իսկ «Ռադիոլուր»-ի հերոսուհին՝ հացառատցի Սոնիկ Բունիաթյանը, ում  խորին համոզմամբ՝ խոպանում աշխատած գումարն այսօր  կարելի է վաստակել նաև Գեղարքունիքի սարերում, միայն թե աշխատելու ցանկություն լինի:  67-ամյա կինը պատմել է իր  սեզոնային բիզնեսի մասին: Նրանց զրույցը, սակայն,  բիզնեսով չի սահմանապակվել. կին-տղամարդ փոխհարաբերություններ, կառավարությունից ակնկալվող քայլեր, արցախյան հիմնահարց ու այլ հարցեր, որոնց վերաբերյալ Սոնիկ Վաղարշակի Բունիաթյանի գնահատականները՝ ռեպորտաժում:

 

Գործարարությամբ զբաղվելը գյուղում ունի իր բազմաթիվ դժվարությունները, բայց Սոնիկ Բունիաթյանը համառորեն փորձում է հաղթահարել դրանք: Ասում է, որ չի հասկանում նրանց, ովքեր պնդում են, թե շատ են ուզում աշխատել ու գործ չեն գտնում:

Տիկին Սոնիկն ասում է, որ դեռ խորհրդային տարիներին, երբ ընդունված կաղապարներից դուրս գալը չափազանց դժվար էր, գործնական ջիղն իր մեջ անընդհատ զգացնել էր տալիս: Մյուսների նման՝ աշխատում էր գործարանում, որպես բանվոր, բայց գյուղի հարուստներից էին համարվում:

«Ժամանակակից տան տիկինները ծուլացել են, բոլորի ուշքն ու միտքը Ռուսաստաններում է, ավտոմատ լվացքի մեքենաներն էլ ավելի են փչացրել նրանց». տիկին Սոնիկի  գնահատականն է:

«Մեր տանն այսօր խոպան գնացող չկա, առանց խոպանի էլ վատ չենք ապրում»,-ասում է տիկին Սոնիկն ու հպարտությամբ պատմում՝ իր բնորոշմամբ սարերում ծավալած սեզոնային բիզնեսի մասին:

Սարերում ծավալած ամառային բիզնեսից զատ, 67-ամյա կինը տանն էլ հանգիստ նստել չի կարողանում, քյավառի քյուֆթա պատրաստելու գործը շատերը հենց նրան են վստահում: Զրուցակցիս  խորին համոզմամբ՝ խոպանում աշխատած գումարն այսօր  կարել է վաստակել նաև Գեղարքունիքի սարերում: Բայց՝ պետությունն էլ այստեղ գործ ունի անելու, խնդիրների հետ գյուղացուն միայնակ թողնելն անխղճություն է համարում:

Ի դեպ,  խոպանին առնչվող մեկ այլ դիտարկում, որն արձանագրում է զրուցակիցս.  եթե նախկինում Ռուսաստան գնացած-եկած երիտասարդը գյուղում համարվում էր փեսացուի լավագույն թեկնածուն, ապա այժմ խիստ վերապահումով են մոտենում նման թեկնածուներին:

 

Զրուցակիցս  վստահեցնում է՝ անլուծելի հարցեր աշխարհում չկան, թերևս միայն Արցախի հարցը: Այդուհանդերձ, ասում է, որ այստեղ էլ է փորձում միջամտել, բայց միայն Աստծո օգնությամբ:

«Առավոտից երեկո աղոթում եմ»:

Տիկին Սոնիկը պատմեց, որ ապրիլյան պատերազմից հետո հազվադեպ է հեռուսատացույց դիտում, վախը մեջն է մտել ու դուրս չի գալիս: Թոռն այդ ժամանակ ծառայում էր, զոհված տղաներից յուրաքանչյուրի անունը լսելիս, կարծես ինքն էլ նրանց հետ մահանում էր: Հարազատ անունը լսելու սարսափն առ այսօր հաղթահարել չի կարողանում

Ցուցադրել ավելի
Back to top button