Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը կհայտարարի նոր քաղաքական պլատֆորմի մասին


«Ժառանգություն» կուսակցությունից դուրս եկած, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առաջիկայում հրավիրելու է համագումար՝ նոր քաղաքական պլատֆորմի մասին հայտարարելու համար: Մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք քաղաքական պլատֆորմ, որը պետք է միտված լինի ողջ հայության համախմբմանը և քաղաքական իրավունքների իրացմանը՝ նախաձեռնության առանցքային նպատակները պարզաբանել է Զարուհի Փոստանջյանը:


«Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարեց, որ քաղաքական նոր պլատֆորմ է ստեղծում եւ այդ նախաձեռնությունը հետագայում կուսակցության վերածելու նպատակ ունի: Նոր պլատֆորմի հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 15-ին: Առանցքային նպատակն այն է, որ աշխարհով մեկ սփռված հայությունն իրավունք եւ անմիջական մասնակցություն ունենա Հայաստանի քաղաքական կյանքում: Նոր քաղաքական ուժը կպայքարի, որ այդ նպատակով ամբողջ հայությունն ունենա ընտրելու եւ ընտրվելու իրավունք՝ հայտնեց Փոստանջյանը:

«Ես դա ավելի եմ կարեւորում, քան ցանկացած ներդրում գումարային տեսքով: Նրանց ներդրումը որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ ավելի արդյունավետ կլինի: Մենք խնդիր ունենք մարդկային կապիտալի՝ մարդու կարողության հետ կապված: Այստեղ է նաեւ մեր բանալին եւ մեր խնդիրը: Այս խնդրին է միտված մեր այս նոր նախաձեռնությունը եւ նոր քաղաքական ուժի նախաձեռնությունը»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարեց, որ նոր կուսակցությունը ֆինանսավորվելու է սփյուռքի հայրենակիցների միջոցներով՝ ներգրավելով նրանց նաեւ հայաստանյան զարգացումներում: Ըստ Փոստանջյանի, այդ առումով բաց կա անցած 25 տարիներին, եւ որեւէ քաղաքական ուժ չի առաջարկել նման բան ու չի լրացրել այն բացերը, որոնք կան. «Շատ է խոսվել այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ներգրավել մեր հայրենակիցների կարողությունները Հայաստանի զարգացման հարցում, բայց միեւնույն ժամանակ այդ կարողությունները ներգրավելու համար նրանց չեն տրվում քաղաքական իրավունքներ: Մինչդեռ՝ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներն են այն հիմքը, որի միջոցով մեր հայրենակիցները ոչ միայն անմասն չեն մնա մեր քաղաքական կյանքին, այլեւ ներդրումներ կկատարեն Հայաստանի Հանրապետությունում եւ կնպաստեն մեր պետության զարգացմանը»:

Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ ստեղծվելիք պլատֆորմը ներգրավված կլինի բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ հետընտրական գործընթացներում: «Մարտի տասնհինգին տեղի է ունենալու այս նախաձեռնության առաջին համագումարը, և անվան, ծրագրերի դրույթների վերաբերյալ կտեղեկանաք հենց այդ օրը, նախապես հաղորդագրություն կտարածենք»,-ասաց Փոստանջյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ այս պահի դրությամբ նախաձեռնողները «քաղաքական մարդիկ» են: Անուններ, սակայն, Զարուհի Փոստանջյանն այսօր չհրապարակեց:

Ցուցադրել ավելի
Back to top button