Քաղաքական

Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը շարունակում է ձախողված դիվերսիան


Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները նորմալ են, երբ ունենք նման հարեւան: Այս կարծիքին է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա անդրադարձել է վերջին օրերի սահմանային լարվածության պատճառների եւ լրատվադաշտում դրանց վերաբերյալ արձագանքների մասին: Նույն կայքի վերլուծաբան, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, մասնավորապես, խոսել է սահմանային լարվածությունների վերաբերյալ եղած ադրբեջանական արձագանքների մասին:

 

 

Ադրբեջանի կողմից փետրվարի 25-ի ձախողված դիվերսիան շարունակվում է տեղեկատվական դաշտում: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ Ալիեւյան վարչակարգը խնդիր ուներ տապալված գործողությունը հանրությանը ներկայացնելու առումով:

«Հենց ադրբեջանական դաշտում շատ էր խոսվում այն մասին, որ այդ գործողությունն ուղղված էր բնակչության ուշադրությունը Մեհրիբան Ալիեւային փոխնախագահ նշանակելու փաստից շեղելու համար: Դա հենց ադրբեջանցիներն են ասում. Բազմաթիվ ընդդիմադիրներ համացանցում տեսագրություններ են տարածում»:

Ադրբեջանում եղել են նաեւ մեկնաբանություններ, թե այդ արկածախնդիր  գործողությունն արվել է Մեհրիբան Ալիեւայի նշանակմանը դրական լիցք հաղորդելու համար, ինչը, սակայն, տապալվեց եւ փաստացի ավելի բացասական մեկնաբանություններ եղան: Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ տեսնելով, որ քարոզչական դաշտում էլ հնարավոր չէ որեւէ հաջողության հասնել, ադրբեջանի իշխանական քարոզչամեքենան լրատվական դաշտը սկսել է ողողել ապրիլյան պատերազմի տեսագրություններով ու անհեթեթ հայտարարություններով՝ ակնհայտ ապատեղեկատվությամբ փորձելով մխիթարել իրենց համացանցի ընթերցողներին: Այս ամենը ցույց տվեց, որ ադրբեջանական փակ համակարգը չաշխատեց:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ նկատեց, որ Ադրբեջանում արդեն վաղուց չեն հավատում այդ փակ համակարգի տարածած լրատվությանը եւ փորձում են նման դեպքերում տեղեկություններ ստանալ հայկական աղբյուրներից: Այդպես է սկսել «Ռազմինֆո» կայքը նաեւ ադրբեջաներեն տեղեկություններ հաղորդել: Հենց այդ օրերին էլ Ադրբեջանում սկսել են լայնորեն քննարկել տեղեկատվական անվտանգության խնդիրները, ընդհուպ մինչեւ, թե ինչպե՞ս փակել Ֆեյսբուքյան տեղեկատվության հոսքը:

Փորձագետները նկատում են, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ամենատարբեր հարցերի շուրջ նորմալ քննարկումներ են լինում: Միաժամանակ նրանք օգտատերերին զգոնության կոչ արեցին, քանի որ հայկական անվանումներով ադրբեջանական օգտատերերի հատուկ խմբեր կան, որոնք պարզապես ուղղուրդվում են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button