Պայքար՝ ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ կուսակցությունների ներսում


Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում տեղի ունեցած 6 նախագահական և 5 խորհրդարանական ընտրություններից և ոչ մեկի ժամանակ հնարավոր չի եղել խուսափել միջկուսակցական բախումներից ու տարբեր աղմկոտ միջադեպերից: Դրանցից առաջինները գրանցվել են նաև այս նախընտրական շրջանում: Ամենաաղմկոտը Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարություն դեպքն էր, որը քաղաքական ուժերի մի մասը նախընտրական, մյուս մասը ոչ ընտրական որակեց: Սրանից բացի այլ հակասություններ նույնպես գրանցվել են: Ինչով են դրանք բացատրում քաղաքական ուժերը, ինչ պատճառներ են տեսնում , ինչպես են պատկերացնում միջկուսկացական և արդեն նաև ներկուսակցական թեժացող պայքարի արդյունքում նոր միջադեպերի բացառումը:
Մոտ մեկ շաբաթ առաջ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում դանակահարության դեպք տեղի ունեցավ: Լրատվամիջոցներն անմիջապես միջադեպը կապեցին նախընտրական պայքարի հետ, քանի որ դանակահարվողը ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցիչ էր, դանակահարողը՝ ՀՀԿ‐ի շտաբից: ԲՀԿ-ն այս թեզը պաշտպանեց, ՀՀԿ-ն տեղի ունեցածը ոչ ընտրական, միջանձնային միջադեպ որակեց: Գործով այս պահին զբաղվում են իրավապահները: Ծառուկյան դաշինքում սպասում են իրավական գնահատականների.«Հուսանք, որ նման միջադեպեր այլեւս չեն լինի»:
Վահե Էնֆիաջյանի լավատեսությունը չունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչը: Արարատի դեպքը նախընտրական միակ միջադեպը չէ՝ հիշեցնում է Էլինար Վարդանյանը և նկատում. ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ պայքարն արդեն ընթանում է ոչ միայն միջկուսակցական, այլ նաև ներկուսակցական դաշտում: Պատգամավորը կարծում է, որ սրան նպաստել է ռեյտինգային ընտրակարգը կամ տարածքային ցուցակներով ընտրությունը:
«Կան բոլոր նախադրյալները, որ հասարակությունը բաժանվելու է թիմերի, խմբերի ու սկսելու են պայքարել իրար դեմ»:
Ռեյտինգային ընտրակարգը սրել է պայքարը ոչ միայն կուսակցությունների, այլ նաև նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջև: Հայաստանի 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում պայքարում է 9 քաղաքական ուժի ներկայացուցիչ, բացի դրանից՝ իրար հետ մրցում է նույն կուսակցության 10-ից 15 թեկնածու: Արդեն ակնհայտ է, որ ռեյտինգային թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայելու, քանի որ պայքարում են ոչ միայն իրենց քվեի, այլ նաև հարազատ կուսակցության ձայների համար: Այս կետում էլ պատճառը տեսնում է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
«Այդ բռնությունները երբեք էլ հնարավոր չէ կանխել, որովհետև, ցավոք սրտի, գործում է 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ: Որևէ կուսակցության ձայն տալ հնարավոր չէ առանց մեծամասնական թեկնածուի, բոլոր ձայները գալիս են մեծամասնական թեկնածուի շնորհիվ: Սա 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է»:
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը բովանդակությամբ , ընդհակառակը, մեծամասնական է: Համաձայն չէ Դաշնակցության ներկայացուցիչը. նոր ընտրակարգը իդեալական չէ, բայց սա չի նշանակում, որ թերությունները պետք է տարածել ամբողջ համակարգի վրա: ՀՅԴ-ից Բագրատ Եսայանը արձանագրում է, որ իրավիճակի մեղքը միայն նոր ընտրակարգինը չէ:
«Հայաստանում ընտրություններին միշտ են եղել բռնություններ, սա նոր երևույթ չի և չի ծնվել ռեյտինգային ընտրակարգի անցնելու հետևանքով: Սա խոսում է ժողովրդավարական ավանդույթների բացակայության մասին, նաև այն մտայնության, որ զոռբայությամբ կարելի է հասնել ամեն ինչի»:
Զոռբայության մտայնությամբ թե այլ պատճառով մի միջադեպ էլ օրերս տեղի էր ունեցել Փարպիում, Արագածոտնի մարզում ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Բազմասեր Առաքելյանի և դաշնակցության համակիրներից մեկի միջև: Սրան անդրադառնալով ՝ Բագրատ Եսայանը ուշագրավ դիտարկում է անում: Ասում է՝ նման միջադեպերի դեպքում միայն իրավական գնահատականը քիչ է:
«Եթե մեկը փորձում է ոչ ֆորմալ, փողոցի օրենքներով բան անել, ապա իրավական գնահատականի հետ պետք է նաև նույն փողոցի օրենքներով պատասխան ստանա»:
Արդյոք այդ պատասխանը Դաշնակցությունը տվել է Բազմասեր Առաքելյանին:
«Նրան հարցրեք»:
Տեսակետը քննարկման մասնակիցները չեն պաշտպանում. միջադեպերի միակ գնահատականը կամ պատասխանը պետք է տրվի իրավապահ հարթությունում: Այլ հարց, թե որքանով կգոհացնի բոլոր կողմերին:
Նկարը՝ Մեդիա կենտրոնի