Քաղաքական

Հարձակում «ԵԼՔ» դաշինքի կենտրոնական շտաբի վրա

Այսօր դեռ քարոզարշավի երրորդ օրն է, սակայն կրքերն արդեն թեժ են Լոռիում։ Անհայտ անձինք  գիշերը «Ելք» դաշինքի Վանաձորում գտնվող կենտրոնական նախընտրական շտաբի մոտ պատռել են նախընտրական պաստառի դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի լուսանկարը, ավելի ուշ՝  պատռել նաեւ «Ելքի» այլ պաստառներ ևս:  «Ռադիոլուրին» միջադեպի մասին պատմեց հենց Մարուքյանը.

«Դաշինքի կենտրոնական շտաբը տեսանկարահանվում, է և կարելի է պարզել թե ով է»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկաչյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ նման արարքը ենթակա է վարչական պատասխանատվության։

Ավելի ուշ՝ հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ ոստիկանությունը, որում նշվում է, որ  «Ելք» դաշինքի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին դիմում է ներկայացրել, որ անհայտ անձը  պատռել է «Ելք» դաշինքի շտաբի պատին փակցված պաստառը:

Հանգամանքների ստուգման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:  Ըստ նախնական տվյալների՝ հիմքեր կան ենթադրելու, որ կատարվել է Վարչական իրավախախտումների մասին  օրենսգրքով նախատեսված այնպիսի արարք, որով իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասությունը ընտրական հանձնաժողովինն է:

Իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում կիրազեկվի ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ դեռևս տեղեկությունը ոստիկանությունը չի տրամադրել հանձնաժողովին:

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը թերահավատությամբ է վերաբերվում գործի բացահայտմանը։ Նա վերհիշեցրեց նախորդ ընտրությունների տխուր  նախադեպը.

«5 տարի առաաջ առաջադրվել էին, բայց որևէ մեկը չբացահայտվեց: Հիմա 5 տարի է անցել և ավելի զարգացում կա, տեսագրություն կա տեսնենք կբացահայտեն, թե՞ ոչ»:

Քարոզարշավի ավարտին դեռ 24 օր կա, ու հարկ է, որպեսզի մրցակից կուսակցությունները շեշտը  դնեն ոչ թե միմյանց մրոտելու արատավոր սովորույթի վրա, այլ խոսեն իրենց ծրագրերից  ու  անկեղծորեն ներկայացնեն իրենց տեսլականը:

Ցուցադրել ավելի
Back to top button