Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածքի վարկանիշային թեկնածուներին


Հայկական վերածնունդ կուսակցության առաջնորդներն այսօր Արմավիրի մշակույթի տանը հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը, արված գործը և կոչ արել պայքարել հանուն արդարության, ոչ ասել ընտրակաշառքին: Արմավիրում Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածքի վարկանիշային թեկնածուներին:
Հայաստանը պետք է ռազմարդյունաբերության տեսակետից դառնա արտադրող և արտահանող երկիր, որի պոտենցիալը կա: Հայաստանում երիտասարդները ընտանիք չեն կազմում բնակարան չունենալու պատճառով: Կուսակցությունն առաջարկում է երիտասարդ ամուսնացող զույգին տրամադրել միանվագ օգնություն, մատչելի դարձնել երիտասարդ ընտանիքներին տրվող հիպոտեկային վարկերը՝ առանց կանխավճարի մուծման:
Հայաստանում չկա պետական համայնքային բնակարանային շինարարություն, առաջարկներից մեկը նաև դրան է վերաբերում: Հեղինե Բիշարյանը խոսելով անհավասար պայմանների ու կյանքի դժվարությունների մասին ասաց, որ վարկերի տոկոսադրույքներն այնքան պետք է իջնի, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա դրանից օգտվել և իրականացնել իր ծրագրերը: Գյուղատնտեսության մեջ ռիսկայնությունը պետությունը պետք է վերցնի իր վրա: Հեղինե Բիշարյանն առանձնացրեց գյուղում հողի հետ կռիվ տվող կնոջ վիճակը:
«Հողում աշխատող և հարկ վճարող կնոջ համար այդ աշխատանքը համարվելու է աշխատանքային ստաժ և նա պետք է ստանա բարձր թոշակ»:
Պետությունը քաղաքացիներից վերցնում է ավելի շատ, բայց տալիս է ավելի քիչ, ասաց Արթուր Բաղդասարյանը՝ մեջբերելով միայն արագաչափերի տուգանքները, երբ յուրաքանչյուր վարորդ տարեկան նվազագույնը 7 անգամ տուգանք է վճարում, պարզ հաշվարկով ներկայացրեց իրական պատկերը:
«Մենք ասում ենք աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակին: 18 տարեկանը չպետք է ծառային առաջնագծում», -ասաց Արթուր Բաղդասարյանը և հավելեց, որ ինչպես ռուսական զորքերում, այնպես էլ հայկական զորքերում պետք է լինեն պայմանագրային զինծառայողներ, որոնք կպահեն առաջնագիծը:
Կոչ արեց չգայթակղվել ընտրակաշաքին և արժանապատվորեն գնալ ընտրության:
Արմավիրում կուսակցությունն ունի վարկանիշային 3 թեկնածուն՝ Գառնիկ Ղազարյան, Լենդրուշ Մանուկյան և Արթուր Եղիազարյան: Ներկայացնելով թեկնածուներին Հայկական վերածնունդ կուսակցության նախագահը հանդիպման մասնակիցներից ճշտեց ՝ արդյոք ճանաչում են թեկնածուներին: Դահլիճի արձագանքը այնքան էլ բուռն չէր:
Թեկնածուները պնդեցին, որ գնալու են իշխանափոխության և բարելավվելու են ժողովրդի վիճակը:
Հանդիպման ավարտին մասնակիցները հավանություն տվեցին կուսակցության ծրագրերին: