Քաղաքական

Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին։

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետական կու­սակցությունը սկսում է իր քարոզարշավը: Ոչ միայն մեր կուսակցությունը, այլև մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդա­րանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձե՛ր ձեռքերում է, բարեկամնե՛ր: Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի:

Ինձ համար, որպես Հայաստանի կառա­վարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարևորություն ունեն այս ընտրությունները: Ամենակարևորը՝ մեր քաղաքացիների վստա­հու­թյունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրու­թյուններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառա­ջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին և ոգուն համա­պա­տասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետու­թյան և հասարակության հաղթանակը: Հա­մոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ներս, պատրաստ ենք դրան:

Մեր կուսակցությունը սկսում է իր ընտրար­շավը պարզ կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Վերջին քսանհինգ և ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի և պա­տասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարևոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է  ուղղել, բայց անվտան­գության հարցում չկան մանրուք­ներ, և յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի ծաղիկը՝ մեր երիտասար­դու­թյան սերուցքը: Նա ապրելու է ազատ ու ժողովրդավարական Հայաստանում: Նա ապ­րե­լու է մի երկրում, որն ունենալու է մեծ  առաջընթաց:

Վարչապետ Կարեն Կարապետյանի կա­ռա­վարության խնդիրն է՝ ապահովել ու խթա­նել այդ առաջընթացը: Հավատացնում եմ ձեզ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է առաջընթացի դրական ազդեցությունը ամեն տարի, ամեն տարի զգալու է իր կյանքի որակի բարելավումը:

Բարեկամնե՛ր,

Հիշե՛ք, որ ոչ մի անհատ միայնակ չի կարող շատ բան անել: Մեր առջև կանգնած խնդիրների լուծումները մենք գիտենք: Բայց լուծումները պահանջում են համազգային ջանքեր, կենտրոնացում և խելա­միտ ու արդյունավետ կառավարում: Եվ այդ լու­ծում­ները պահանջում են գործընթացները ճիշտ ուղղորդող ուժ: Այսօր այդ ուժը բարե­փոխվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ իր կուռ կառույցներով, իր երիտասարդացող շարքերով, իր կառավարման փորձով և, վերջապես, առաջընթացը մարմնավորող իր վարչապետով:

Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամե­նա­արագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք ԱՆՎՏԱՆԳՈՒ­ԹՅՈՒՆ և ԱՌԱՋԸՆԹԱՑ:

Շնորհակալություն»:

Ցուցադրել ավելի
Back to top button