Քաղաքական

Պատերազմի իմիտացիա, որը հայկական կողմը չի պատրաստվում հանդուրժել


Թշնամանքը Ադրբեջանի համար դարձել է միակ առաջ տանող շարժիչ ուժը՝ այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա գնահատմամբ՝ սահմանին լարվածություններ առաջացնելն էլ Ադրբեջանի համար ներքին եւ արտաքին քաղաքական բնույթ է կրում: Ալիեւի համար, անցած տարվա ապրիլի ձախողումից հետո, պատերազմի իմիտացիան իրավիճակը շտկելու անհրաժեշտություն է՝ այն ճանապարհը, որը տեսնում է Ալիեւը՝ կարծում է քաղաքագետը: Նրա խոսքով, սակայն, ո՛չ Երեւանում, ո՛չ Ստեփանակերտում որեւէ մեկը չի պատրաստվում երկար հանդուրժել այդ իրավիճակը:


Կա պատերազմի իմիտացիա եւ ադրբեջանական քարոզչությունն ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, թե լայնածավալ մարտեր են ընթանում՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Ըստ նրա՝ քանի դեռ ներքաղաքական վերադասավորումներն Ադրբեջանում շարունակվում են եւ ամրապնդվում է Փաշաեւների եւ նախիջեւանյան կլանի դաշինքը, Ալիեւը մշտապես ստիպված է լինելու հասարակության ուշադրությունն այդ գործընթացներից շեղել արտաքին սպառնալիքներով: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նաեւ բավականին լուրջ քաղաքական գործոններ է կորցրել եւ դրանք փորձում է վերականգնել պատերազմի իմիտացիայի միջոցով:

«Ալիեւը փորձում է ստանալ մի իրավիճակ, երբ թե միջնորդները, թե միջազգային հանրությունը կփորձեն հայկական կողմերի հետ Ադրբեջանի բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու մի նոր պրոցես»:

Քաղաքագետը համոզված է եւ վերջին օրերի իրադարձություններն էլ վկայեցին, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով այդ հարցը չի կարող լուծել, հետեւաբար՝ մնում է պատերազմի իմատացիա ստեղծելը: Սրանք հիմնական պատճառներն են, սակայն, Ալիեւի համար խնդիրները շատ են եւ նա սահմանային լարումներով իր հանրությանը խաղաղություն է վաճառում՝ ձեւակերպեց քաղաքագետը: Անդրադառնալով հայկական կողմի արձագանքներին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց.

«Կարծես թե լուրջ համադրություն է գնում՝ ռազմական եւ դիվանագիտական ճանապարհներով Ադրբեջանին զսպելու այդ գործընթացքում»:

Ըստ էության Ադրբեջանն այսօր ստիպում է, որ հայկական կողմը ընտրություն կատարի այդ երկու տարբերակների միջեւ եւ գնա դրանցից մեկի ուղղությամբ, ինչը ենթադրում է հետագայում լարվածության կրկին անխուսափելիորեն մեծ աճ՝ եզրահանգեց քաղաքագետը: Նա նկատեց, որ հայկական զինված ուժերը ներկայումս շատ արագ արձագանքում, ժամանակին բացահայտում եւ ոչնչացնում են հնարավոր սպառնալիքները՝ ի տարբերություն նախորդ տարվա ապրիլի անսպասելիության: Քաղաքագետը նաեւ այսպիսի դիտարկում կատարեց.

«Ապակայունացված իրավիճակը կարող է վտանգավոր եւ անվերահսկելի լինել մեր տարածաշրջանում ցանկացած շահ հետապնդող երկրի համար: Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը, թերեւս բացի Թուրքիայից, կարող է այսօր ադրբեջանին պատերազմ սկսելու համաձայնություն տա: Ընդ որում՝ եթե անգամ Թուրքիան էլ տա, չի կարող տալ երաշխիքներ, թե Ադրբեջանը կունենա հաջողություն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան ինքն է բավականին ծանր իրավիճակում գտնվում՝ կապված թե՛ մերձավորարեւելյան զարգացումների, թե՛ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ»:

Անդրադառնալով մեզանում հնչող «պատերազմին պատրաստվելու» վերաբերյալ կոչերի տեղին կամ անտեղի լինելու խնդրին՝ քաղաքագետը նկատեց, որ թերագնահատել կամ առհամարհել Ադրբեջանից բխող սպառնալիքները երբեք չի կարելի: Հետեւաբար՝ այո, պետք է պատրաստվել պատերազմին՝ առաջին հերթին այդ պատերազմը թույլ չտալու համար՝ եզրափակեց քաղաքագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button