Հասարակություն

Արմավիրում կկառուցվի աղբի վերամշակման գործարան


Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարան կառուցելու նպատակով օրերս Արմավիր էր այցելել հայ-չեխական ,,Գրինէկո-Կաս,, ՍՊԸ աղբի վերամշակման գործարանի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը: Շինարարական աշխատանքները կսկսվեն մայիսից, որտեղ կստեղծվի մոտ 200 աշխատատեղ: Աղբի վերամշակումից ստացված էլեկտրաէներգիան կօգտագործվի ջերմոցային տնտեսությունում:

Արդեն 2 տարի Արմավիր քաղաքում խոսվում է  աղբի վերամշակման գործարան կառուցելու մասին:  Այս ուղղությամբ  քայլեր ձեռնարկվել են: Կառավարությունը 2015թ հոկտեմբերի 8-ի որոշմամբ համաձայնություն է տվել Արմավիրի քաղքապետի առաջարկությանը քաղաքի սեփականություն հանդիսացող 15 հա հողամասը կադաստրային արժեքով հայ-չեխական ,,Գրինէկո-Կաս,, ՍՊԸ վաճառքի ձևով օտարելուն: Աղբի վերամշակման գործարանի կառուցման նպատակով Արմավիր էր  եկել գործարանի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը: Նախագծային աշխատանքներն  ավարտվել են:  Աղբի վերամշակումն իրականացվելու է 3 փուլով: Սկզբում շուրջ 22 000 գունավոր  կոնտեյներ է տեղադրվելու բնակավայրերում, որտեղ տեսակավորվելու է աղբը, 2-րդ փուլում արտադրվելու է բիոգազ, 3րդ  փուլում՝ աղբի մնացորդը նորից վերամշակվելու է՝ ստանալով եվրոդիզել 6 վառելանյութը:

Էլեկրաէներգիայի փոխակերպումը ջերմության օգտագործվելու է ջերմոցային տնտեսություններում, որը կառուցվելու է այս ծրագրի շրջանակում: Նորամուծություն համարվող գունավոր կոնտեյներները բնակավայրերում տեղադրվելու են գետնափոր բետոնապատ փոսերում, որպեսզի չվնասվեն: Աղբի տեղափոխումն իրականացվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ կոնտեյներների վրա լինելու են չիպեր, որոնք ցույց կտան աղբի կուտակումը և դրանց ժամանակին տեղափոխումը:

Կոնտեյներները տեղադրվելու են Արմավիրի և Արագածոտնի մարզում: Արմավիրում  կվերամշակվի նաև Աշտարակ և Թալին քաղաքների աղբը:

Աղբի տեսակավորման մշակույթը զարգացնելու համար Հայաստանում չեխ դեսպան Պետր Միկիսկայի առաջարկով դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվելու են համախատասխան դասընթացներ, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի:

Բնապահպանական տեսակետից սա ավելի անվտանագ նախագիծ է, այն արդեն իրականացվել է Սերբիայում, Սլովակիայուն և Կոսովոյում:  Եվրոպական փորձի կիրառումը հաստատագրվելու է բնապահպանության նախարարությունում: Բնապահպանության փոխնախարար Խաչիկ  Հակոբյանը նշեց, որ եվրոպական փորձի ներդրման համար գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի փորձաքննության և ստանա եզրակացություն:

Վերամշակվելու է նաև տեսակավորված շինարարական աղբը, իսկ թունավոր նյութեր պարունակող վտանգավոր աղբի վերամշակման համար կկառուցվի առանձին փոքր ձեռնարկություն:

Հայ-չեխական համատեղ ձեռնարկության սկզբնական աշխատանքների համար նախատեսվել է ներդնել 65 մլն եվրո, գործարանը նվազագույնը կապահովի շուրջ 200 մարդու զբաղվածություն:

Աշխատանքները կսկսվեն մայիսից:

Ցուցադրել ավելի
Back to top button