Հասարակություն

Այսօր Վազգեն Սարգսայանի ծննդյան օրն է


Այսօր ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսայանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 58 տարեկան։ Վազգեն Սարգսյանի մտերիմները հաճախ են կրկնում՝  նրա միակ սերը հայրենիքն էր, իսկ սիրո պտուղը՝ հայոց բանակը: Նա հասարակական-քաղաքական գործիչ էր, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ:

Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները, բայց ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը շնորհեց նրան ժողովուրդը՝ Սպարապետ:

Ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին։ 20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին։

«Բանակը ազգային ինքնաճանաչողության հայելին է ու հայացքը՝ ապագային։ Բանակը, թերևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը»,- ասում էր Վազգեն Սարգսյանը: Մտավորականից զինվորական դառնալու ճանապարհը նա անցավ չափազանց արագ, որովհետև մեզ պարտադրված պատերազմը զինվոր էր պահանջում, իսկ սպասելու ժամանակ չկար:

Հայոց բանակն իսկապես Վազգեն Սարգսյանի դավանանքն էր ու հպարտությունը, բայց բանակի խորհրդանիշ դարձած Սպարապետն ավելի վաղ իր տեղն ու դերը փնտրում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ  գրականության անդաստանում: Դրամատտուրգ Կարինե Խոդիկյանը Վազգենին հիշում է նախ և առաջ որպես հին գարունական: «Նրա լավագույն պատմվածքները նախ «Գարունում» էին տպագրվում»,- ասում է։

«Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակացության մեջ, հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս։ Շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս։ 21-րդ դարը մերն է լինելու»,- ասում է Վազգեն Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button