Քաղաքական

Քարոզարշավում մտադիր են հիշեցնել «ոչ վաղ եւ մութ անցյալը»


Վաղը մեկնարկող քարոզարշավը խիստ անկանխատեսելի է լինելու, քանի որ նախընտրական շրջանում առկա միտումները ցույց են տալիս՝ պայքարը դեռ չի մտել քաղաքական դաշտ: Բանավեճերը, որ պետք է պարզեն ընտրություններին մասնակցող ուժերի դիրքորոշումն ու առաջարկները, ի վերջո վերածվում են իրար վրա քար եւ ցեխ շպրտելուն, քանի որ ընտրություններին մասնակցող ուժերում չկան առանձնապես նոր ուժեր եւ գործիչներ։ Հետեւաբար՝ «ոչ վաղ եւ մութ անցյալը» հիշեցնելու պրակտիկան այս քարոզարշավում շատ է կիրառվելու:

Ընտրապայքարի մեջ մտած Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ ընտրողը նախապատվություն պետք է տա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, որովհետեւ պարզ հայտարարում են՝ ապագայում երբեւէ դաշինք չեն կազմելու հանրապետական կուսակցության հետ: Տիկին Մուրադյանը կարծում է, որ դա բավարար է հասկանալու՝ չեն գալիս, իրենց իսկ ձեւակերպմամբ, «խաղեր տալու»:

Ահա այս հատվածում է առաջանում ՀԱԿ-ից թեկնածու Զոյա Թադեւոսյանի եւ ՕՐՕ-ից Սուսաննա Մուրադյանի միջեւ հակադրությունը, քանի որ հենց այստեղից էլ սկսվում է հին ու նորը հիշեցնելու անհրաժեշտությունը.

«-Կարելի՞ է բանակը թալանելով հզորանալ:

-Պետք է թալանողները պատասխան տան եւ մարդը ում մեղադրում են դրա համար հազար անգամ արդեն ասաց, որ ինքը պատրաստ է պատրաստ է արդար դատարանի առաջ պատասխան տալ:

-Պետք է մտներ քավարանով անցներ:

-Ինչի՞ համար քավարանով անցներ, եթե նա մեղք չունի: Մարդը ասում է՝ ես մեղավոր չեմ եւ պատրաստ է արդար դատարանի առաջ պատասխան տալու:

-Դե թող տա:

-Դե հիմա եկեք ստեղծենք արդար դատարան …

-Գիտեք, ես անարդար կառավարության հետ երբեք չեմ աշխատի երբեք: Հրաժարական տար շատ վաղուց, ոչ թե աշխատանքից ազատելուց հետո դառնար ընդդիմություն: Այդպես չի կարելի:

-Չեմ ուզում ասել, թե անարդար կառավարությունները ինչեր են արել եւ չեմ էլ ասելու»:

ՀԱԿ-ը մրցակիցներից որոշել է տարբերվել իր ռազմավարությամբ՝ քարոզչության շեշտը դնելով Արցախյան հիմնախնդրի վրա: Իհարկե, կարեւորում են մերիոկրատիկ հասարակության ստեղծումը, այսինքն՝ հասարակություն, որտեղ արժեքը շնորհքով մարդն է, բայց եւ դա առաջին քայլին հաջորդող քայլերից ընդամենը մեկն է: Առաջին քայլով ՀԱԿ- ը հավակնում է լուծել Արցախյան հիմնախնդիրը:

«Հայկական վերածնունդ» նոր անունով այս ընտրություններին մասնակցող հին «Օրինաց երկրի» համակիրները ընտրողներին խոստանում են՝ ներքեւների ձայնը լսելի դարձնել վերեւներին։ Իսկ, առհասարակ, այս ընտրապայքարում ահագնացող ագրեսիայից դժգոհեց «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով ընտրապայքարի մեջ մտնող Մարիաննա Ֆրունջյանը:

Լրագրողները չհապաղեցին եւ այս նոր քաղաքական գործչին հիշեցրեցին, որ հենց իրենց կուսակցությունում կան դեմքեր, որոնց համար նորմալ է օրինակ՝ հենց Աժ-ում գործըներոջ գլխին «շիշը տալու», ինչպես նաեւ «կաշի քերթելու» եւ «աչքեր հանելու» սպառնալիքները:

Վերջին շրջանում համախմբում չկա ոչ միայն ռեյտինգային ընտրակարգով նույն ընտրատարածքում առաջադրված համակուսակիցների միջեւ, այլեւ՝ ընդհանուր՝ ազատ եւ արդար ընտրությունների գաղափարի շուրջ: ԿԸՀ-ում երկար տարիներ աշխատած Զոյա Թադեւոսյանն այս առումով առաջարկում է լուծման տարբերակ:

«Ցանկացած բռնություն, ցանկացած ոչ իրավական գործողություն, որ տեղի է ունենում, ոստիկանությունն անպայման դրա մասին ունի տեղեկատվություն եւ լինում է վայրում, քրեական գործ պետք է հարուցվի, որից հետո ԿԸՀ-ն պարտավոր է գրանցումից հանել համապատասխան թեկնածուին եւ թույլ չտա մասնակցել ընտրություններին: Դրանից հետո մնացածը կսթափվեն»:

Ի դեպ՝ այս ընտրություններում կին թեկնածուների ձայնն ավելի հաճախ է հնչելու, քանի որ ընտրական օրենսգիրքը կուսակցությունների պարտադրել է համամասնական ցուցակում կանանց էլ ավելի շատ ներկայություն ապահովել։

Ցուցադրել ավելի
Back to top button