Միջազգային

ՄԻԵԴ որոշումը կկասեցնի Վրաստանի ժողովրդավարության շրջադարձը


Վրաստանում կարծում են, որ «Ռուսթավի 2»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումն ուղղված է երկրի ժողովրդավարության պաշտպանությանը:  Հիշեցնենք` ՄԻԵԴ-ը ստանալով «Ռուսթավի 2»-ի հարցով դիմումը,  ժամանակավորապես կասեցրել է Թբիլիսիի գերագույն դատարանի որոշումը, որով երկրում ամենազդեցիկ համարվող հեռուստաընկերությունը հանձնվեց նախկին սեփականատիրոջը: «Ռադիոլուրը» թեմայի շուրջ զրուցել է վրացի քաղաքական փորձագետ Գելա Վասաձի  հետ:

ՄԻԵԴ-ի որոշումը խոսում է այն մասին, որ Եվրոպան անհապաղ կարձագանքի իր հետ ինստիտուտոցիոնալ կապերի դեմ յուրաքանչյուրը լուրջ քայլի: Ասում է վրացի քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն` վստահություն հայտնելով, որ  «Ռուսթավի 2»-ի շուրջ իրադարձությունները քաղաքական են ու  նպատակ են հետապնդում սահմանափակել ազատ խոսքը:

«Ես հաճելիորեն զարմացած եմ ՄԻԵԴ-ի որոշմամբ ու Արևմուտքի արձագանքով…Արևմուտքը (նկատի ունի օտարերկրյա դիվանգետների հայտարարությունները) ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել Վրաստանի ժողովրդավարությունը»:

Վասաձեն գտնում է, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը դեղին քարտ է Վրաստանի ներկա իշխանությունների համար.

«Փաստորեն այն յուրօրինակ ու աննախադեպ որոշում է, որը հետ կպահի Վրաստանի շրջադարձը ժողովրդավարությունից ու մամուլի ազատությունից»։

Ժողովրդավար Վրաստանը կարևոր է տարածաշրջանի համար, կարծում է փորձագետը` նշելով.

«Եթե Վրաստանում ժողովրդավարություն լինի, այն վաղ թե ուշ տարածվելու է տարածաշրջանի բոլոր երկրներում»:

«Ռուսթավի 2»-ը մեծ ժողովրդականություն վայելող հեռուստաընկերություն է, որը վերահսկվում է պաշտոնավարումից հետո Ուկրաինայում հաստատաված  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից: Այն համարում են  Վարդերի հեղափոխության դրոշակակիր, քանի որ 2003-ին ուղիղ եթերում հեռարձակում էր Սահակաշվիլիի առաջնորդությամբ կազակերպվող բողոքի ակցիաները: Սահակաշվիլին, որ այսօր ակտիվ գործունեություն է ծավալում Ոկրաինայի ներքաղաքական կյանքում, միաժամանակ հեռակա կարգով մասնակցում է նաև վրաստանյան գործընթացներին: Ֆեյբուքի իր էջում  Եվրադատարանի որոշման առիթով նա շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին, տեղեկացրել, որ  բաժակ է բարձրացնում  «Ռուսթավի 2»-ի և Վրաստանի համար: Մինչ այդ, ինչպես «Ռադիոլուրին» ասել էր Թբիլիսիում այսօր բնակվող նրա կինը` Սանդրա Ռուլոֆսը, «Միշան հիասթափված է երկրի գերագույն դատարանի որոշմամբ».

Հարյուրավոր քաղաքացիներ  պատրաստակամություն են հայտնել ոտքի կանգնել ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի, սակայն քաղաքական փորձագետ Վասաձեի կարծիքով դրա կարիքը չի լինի. «արդեն պարզ է, որ Ստրասբուրգի դատարանը, որ առաջնահերթության կարգով քննելու է հարցը, չեղյալ կհայտարարի  Վրաստանի գերագույն դատարանի որոշումը»:

Ցուցադրել ավելի
Back to top button