Քաղաքական

Ինչպես «պայթեցնել» ադրբեջանական «սեւ ցուցակը»


Որքանո՞վ են հավանական ռազմական գործողությունները շփման գծում։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ հավանականություն կա, սակայն Բաքուն դժվար թե այսօր նման ռիսկի գնա։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նույնպես ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է համարում, սակայն դա չի պայմանավորում ապրիլ ամսով:

Այն, ինչ տեղի է ունենում շփման գծում պատահական չէ: Ստեղծված լարվածության պատճառ Ալեքսանդր Մանասյանը համարում է Եվրոպային, ԱՄՆ- ին եւ բոլոր այն երկրներին, որոնք 1991 թվականին Ադրբեջանը ճանաչեցին Խորհրդային Միության սահմաններով: Դրան գումարվեց նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած սկզբունքներում տեղ գտած տարածքային ամբողջականության մասին դրույթը։ Սա էլ հենց Բաքվի ավելի հանդուգն դարձրեց:

«Մենք պետք է փոխենք դիսկուրսի լեզուն»:

Վերջին շրջանում փորձագետներն ու  հեղինակավոր վերլուծական կառույցներն իրենց զեկույցներում ահազանգում են առաջիկայում սպասվող ռազմական գործողությունների հնարավորության մասին: Իրո՞ք կա նման մտավախություն, թե՞ նման լուրերը տրամադրություններ ճշտելու նպատակ ունեն։ Հարցին  ի պատասխան Ալեքսանդր Մանասյանը չբացառեց ռազմական գործողությունների ձեռնարկման փորձի հավանականությունը Բաքվի կողմից:

Բացի դա՝ նրա տեղեկություններով՝ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերն այսօր գրեթե դատարկված են ու դա ևս խնդիր է Բաքվի համար:

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնոդը նշում է, որ իրավիճակի սրացումը չպետք է պայմանավորել ապրիլ ամսով՝ ինչի մասին հաճախ են խոսում Հայաստանում:

«Իհարկե՝ ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է, քանի որ միջադեպերը պահպանվում են: Վստահությունը կողմերի միջև չի մեծացել, սակայն օդերևութաբանները պես չէի կանխատեսի, թե ապրիլը սրացումների ամիս է: 2008-ին դա մարտն էր, 2016-ին՝ դեկտեմբերն էր: Դրանք քաղաքական երևույթներ են: Ուժային ճանապարհով լուծման հնարավորությունը Բաքուն չի թաքցնում և դա փաստ է: Ստատուս քվոն մեծ մասամբ ձեռնտու է Երևանին և ձեռնտու չէ Բաքվին»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն առաջարկում է «պայթեցնել» Ադրբեջանի սև ցուցակը՝ արվեստագետների ու դիվանագետների այց կազմակերպելով դեպի Արցախ:

Ցուցադրել ավելի
Back to top button