Քաղաքական

ԸՕ խճճված դրույթները՝ հայ եւ ռուս փորձագետների տեսադաշտում

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղն այսօր քննարկում  է հրավիրել  ընտրական օրենսդրության ու  նոր դրույթների  շուրջ:  Հայ և ռուս մասնագետները խոսել են Ընտրական օրենսգրքի նորամուծությունների, դրական ու բացասական կողմերի մասին: Այն հարցում, որ օրենսգիրքը բավական բարդ է ու խճճված, ռուս փորձագետները համաձայնել են, բայց առաջարկել են հարցը դիտարկել  հակառակ կողմից ՝  որքան մանրամասն ու  մասնագիտորեն է շարադրված տեքստը, այնքան փոքր  է երկակի մեկնաբանությունների դաշտը:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Դմիտրի Գլադեյի կարծիքով՝ Հայաստանի ընտրական համակարգը առավել ստաբիլ է, քան օրինակ  Ռուսաստանի Դաշնությանը: Նոր օրենսգիքրը սակայն, ռուս փորձագետի գնահատմամբ, մեծածավալ նորամուծություններ է առաջարկում:

Խորհրդարանական ընտրակարգին անցնելը, նախագահական ընտրություններից հրաժարվելը, տարածքային ցուցակները փոփոխություններ են, որոնք առանցքային են քաղաքական համակարգի համար: Ռուս փորձագետը հույս ունի, որ  Հայաստանը կկարողանա հաջողությամբ կիրառել նորամուծությունները: Նույն ակնկալիքն ունի նաև նույն  ինտիտուտոի փորձագետ Ալեքսեյ Կարցովը, ում գնահատմամբ՝ այս ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեն. դրանցով, ըստ էության,  ընտրական գործընթացը  մտնում է՝ նոր, դեռևս չփորձարկված փուլ:

«Ընդհանուր առմամբ սահմանադրական փոփոխությունների հիման վրա 2016-ին մշակված Ընտրական նոր օրենսգիրքը Հայաստանի ընտրական պատմության մեջ նոր էջ է բացում: Լուրջ փորձաշրջան է սպասվում ապրիլի 2-ին: Կարծում ենք ՝ օրենսգիքրը հաջողությամբ կանցնի խորհրդարանական ընտրությունների քննությունը»:

Ռուս փորձագետը կարծում է, որ մշակված մեխանիզմները հիմնականում ուղղված են անճշտությունների և խախտումների բացառմանը: Գրանցման էլեկտրոնային համակարգը, նրա կարծիքով, կբացառի կրկնաքվերակությունը, տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը կնպաստեն ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության նվազմանը:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը համաձայն է ռուս փորձագետների հետո, որ դրական փոփոխություններ կան, բայց նաև կարծում է, որ ԸՕ-ում շատ են  բարդ ու խճճված կարգավորումները:

«Իմ կարծիքով չարժեր, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտնեին երկրաչափական հավասարումներ, ընդ որում՝ ոչ թե մեկ կամ մի քանի հատ, այլ բազմաթիվ»:

Ռուս փորձագետին հարցը ոչ միայն չզարմացրեց, այլև խիստ տեղին թվաց: Ասաց, որ ինքն էլ  քիչ ժամանակ չի ծախսել օրենսգրքին ամբողջությամբ ծանոթանալու համար:

«Վերջին 15 տարիներին չեմ հիշում այլ տեքստ, որը կարդացած լինեմ մի քանի անգամ ու այդքան խորասուզված: Խոստովանում եմ՝ հեշտ չի եղել»:

Ընդհանուր առմամբ փորձագետը կարծում է, որ շարքային քաղաքացու համար կարգավորումներն իսկապես բարդ են ու հասկանալու համար տեքստին մանրամասն ծանոթանալ է պետք: Իսկ որպես մասնագետ բացատրում է, որ  իրավունքի ոլորտում գերակայող երկու մոդել կա՝ պայմանական անվանումներով ֆրանսիական և գերմանական:

Իրավունքի ֆրանսիական մոդելի համաձայն՝ օրենքների հարցում աշխատում է  «որքան պարզ, այնքան  լավ» բանաձևը: Գերմանական մոտեցումը բոլորովին այլ է՝ տեքստն ուղղված է ոչ թե շարքային, այլ որակավորված մասնագետին, ուստի պետք է խիստ մանրամասն ու հանգամանորեն շարադրված լինի: Այս մոդելի առավելությունն, ըստ Կարցովի, տարընթերցումները, լայն մեկնաբանությունները բացառելն է:

«Մանրամասն, հանգամանորեն շարադրված Ընտրական օրեսնգրքի առավելությունն այն է, որ կրճատվում է ենթաօրսնդրական կարգավորման առարկա հարցերի շրջանակը, հետևաբար՝ ավելի քիչ տեղ է թողնվում օրենքը կիրառողներին հայեցողական որոշումների համար»:

Ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 6 տեղական կազմակերպություն: Դիտորդների թիվը հազարից ավելին է ու դեռ վերջնական չէ, քանի որ հավատարմագրումը շարունակվում է: Ենթադրվում է, որ կարճաժամկետ ու երակարաժամկետ առաքելությամբ Հայաստանում կլինեն նաև մեծաթիվ դիտորդներ միջազգային կառույցներից: ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներն իրենց մասնակցությունը հաստատում են, բայց վերջնական ճշգրտումներ դեռ չեն անում:

Ցուցադրել ավելի
Back to top button