ԿարևորՔաղաքական

Քարոզարշավից առաջ պաստառների տեղադրումը օրենսդրության խախտում չէ. Տիգրան Մուկուչյան

Մարտի 5-ին մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ուղիղ 26 օր նախընտրական պայքարի մասնակից 9 քաղաքական ուժերը կփորձեն բացատրել, թե ինչու  պետք է նախապատվությունը հենց իրենց տրվի: Կբացատրեն տարբեր ձևերով՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցներն ու եղանակները: Ընտրողի համար ծանր, իսկ քաղաքական ուժերի համար վճռորոշ այս ամիսն անցենու է որոշակի կանոններով , որոնք սահմանվել են Ընտրական օրենսգրքով:  Ինչ սահմանափակումներ ունեն ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը, ինչ կանոնների մեջ պետք է տեղավորեն իրենց քարոզչությունը: «Ընտրությունների իրազեկում» շարքում այսօր կխոսենք քարոզարշավի կանոնների, նաև այն մասին, թե արդյոք օրենսդրության  խախտում չէ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչական պաստառների տեղադրումը: Դրանք արդեն կարելի է տեսնել Երևանի փողոցներում:

Ընտրապայքարի մասնակիցները առանց շատերիս  ցանկությունը հաշվի առնելու` մեզ հետ կլինեն առաջիկա 26 օրերին:  Մեզ կուղեկցեն տարբեր ձևերով՝   իրենց  կարգախոսներով, քարոզչական պաստառներով, բակերում ու  հրապարակներում հանդիպումներով, հեռուստատեսային ու ռադիոելույթներով: Գործողությունների այս տեսանելի մասը  կկոչվի  քարոզարշավ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է ՝ լիարժեք քարոզարշավի համար ընտրությունների մասնակից ուժերը բոլոր հնարավորություններն ունեն:

«Այն բոլոր որոշումները, որոնք անհրաժեշտ են քարոզարշավի անցկացման համար, ընդունված են»:

Ըստ ընտրական օրենսգրքի՝  ընտրություններից առաջ քաղաքական ուժերը  պետք է կարողանանան   քարոզչություն իրականացնել,  պետք է ունենան  հանրային ռեսուրսներից օգտվելու հավասար հնարավորություններ և ֆինանսական թափանցիկություն ապահովեն:

Քարոզչության իրականացման ձևերը տարբեր են՝  նախընտրական հանդիպումներ, հանրահավաքներ, գովազդային վահանակներ ու պաստառներ, հեռուստա ու ռադիոելույթներ:

Նախ ՝ գովազդային վահանակների մասին : Չնայած նախընտրական քարոզչությունը պաշտոնապես մեկնարկում  է մարտի 5-ին, բայց Երևանում արդեն նախընտրական պաստառներ կան ու նաև տրամաբանական հարց՝ արդյոք դրանց տեղադրումը մինչև քարոզարշավի մեկնարկը  ընտրական օրենսդրության խախտում չէ: Ոչ ՝ վստահեցնում է Տիգրան Մուկուչյանը:

«Ավելին, ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր շատ ավելի վաղ էին սկսել իրենց քարոզչական պաստառները փակցնել 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների վրա: Փետրվարի 28-ին ԿԸՀ որոշմամբ` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցություններն ու դաշինքներն ազատ կարող էին օգտվել իրենց այդ իրավունքից: Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:

Պաստառներ փակցնելը, Մուկուչյանի խոսքով,  քարոզչության միայն մեկ բաղադրիչն է: Իսկ այս օրերին` մինչև նախընտրական քարոզչության մեկնարկը, գրանցված կուսակցություններն ու դաշինքներն ազատորեն իրականացրել  են քարոզչություն տարբեր ձևերով՝ ասուլիսներ, նախընտրական ծրագրերի հրապարակում և որևէ հարց չի ծագել` արդյոք դա նախընտրական քարոզչության կանոնների խախտում է, թե ոչ:

«Եթե նախընտրական միջոցառումները թույլատրեի են, ուրեմն ճիշտ նույն կերպ թույլատրելի է վահանակների տեղադրումը: Երկուսն էլ քարոզչական բնույթ ունեն, պարզապես տարբեր ձևաչափեր են»:

Քարոզչության մեկնարկից արդեն  ԿԸՀ-ն այլ  բան կվերահսկի՝  որքանով են պահպանվում այն կանոնները, որոնցով  բաշխվել են այդ վահանակները: Դրանք տնօրինող կազմակերպությունները վահանակների ցանկ են առանձնացրել, կուսակցությունները հայտեր են ներկայացրել: ԿԸՀ-նէլ համապատասխան որոշումներ  է կայացրել: Ի դեպ, Հայաստանի ողջ տարածքում հատկացվել  է 735 վահանակ, որոնց կեսը՝ 366-ը, Երևանում: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչապաստառների ամսական վարձավճարը տատանվում է 100.000-ից մինչև 350.000 դրամի սահմաններում: Ամենաթանկ գները սահմանված են Երևանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338.400 դրամ: Դրանք պատկանում են «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ին:

«Վահանակների համար ամենաշտ հայտերը ստացվել են Ելք դաշինքից, ամենաքիչը՝ Կոմունիստական կուսկացությունից»:

Քարոզչության մյուս մեծ  հնարավորությունը հեռուստա ու ռադիոեթերն է: Ընտրական օրենսգրքի համաձայն՝  ընտրությունների մասնակից ուժեն  ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից անվճար եւ վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք: Հեռուստատեսության եթերաժամից անվճար կարող են օգտվել ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե:

Բացի դրանից ՝ քաղաքական գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական և մարզային հեռուստաընկերություն, ինչպես նաև` 8 ռադիոընկերություն:  Սա նախորդ ընտրությունների նույն ցուցանիշը գերազանցող թիվ է:

Ի դեպ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները սահմանել են ամենաբարձր ՝ 100.000 դրամ/րոպե սակագինը: Ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ 1 րոպեի համար:

Եվ մի հավելում էլ՝ ընտրությունների մասնակիցները  նախընտրական քարոզչությունը կարող են իրականցնել միայն  նախընտրական հիմնադրամի միջոցներից: Հիմնադրամի ծավալը չի կարող գերազանցել 500 մլն դրամի սահմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button