Քաղաքական

Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչները՝ ԼՂ հիմնախնդրի մասին


ԼՂ հիմնախնդրի հետ կապված  իրենց մոտեցումներն են այսօր ներկայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ: Լրագրողների հետ այսօր հիմնականում հանդիպել էին ընտրապայքարին պատրաստվող քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչները: 

Առանց լիարժեք անկախության եւ հզոր տնտեսության դու երբեք չես կարող լուծել Արցախի հարցը հօգուտ հայկական կողմի՝ ասաց այսօրվա քննարկմանը մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Դրա համար էլ՝ դաշինքն իր պայքարը ծավալելու է կոռուպցիայի դեմ եւ մենաշնորհների վերացման համար, ապահովելու է հավասար մրցակցային պայմաններ, որպեսզի տնտեսությունը զարգանա՝ իշխանության գալու դեպքում իրենց առաջնային աշխատանքների ուղղությունները ներկայացրեց «Ելք» դաշինքի անդամը:

Ազատ դեմոկրատների նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ իրենք չեն պատկերացնում հիմնախնդրի լուծումն առանց ԼՂ բնակչության ներգրավվածության: Ազատ դեմոկրատների մեկ այլ ներկայացուցիչ՝ Նարեկ Այվազյանն էլ հավելեց, որ կուսակցությունը հիմնախնդրի լուծումը պատկերացնում է արժանապատիվ կերպով փոխզիջումային տարբերակով:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի երիտասարդ ներկայացուցիչ, Ժառանգություն կուսակցության անդամ Անդրանիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ իր համար Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով առանցքային են անցած տարվա Ժառանգության մանիֆեստն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ծրագրային դրույթները.

«Առաջինը՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչմամբ: Դա Հայաստանի կողմից սկսվելիք գործընթաց է: Դրանից հետո բանակցային սեղանի շուրջ պետք է քննարկվի հայ-ադրբեջանական, երկու ժողովուրդների կամ Հայաստան, Ադրբեջան պետությունների միջեւ խնդրի լուծման տարբերակները, որտեղ, իհարկե, խնդրի լուծման փոխզիջումային տարբերակը չի բացառվում»:

 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մկրտիչ Գրիգորյանն ասաց, թե իրենց դաշինքի պարագայում չի լինի այնպիսի  առաջարկ, որը կվնասի Արցախի եւ Հայաստանի շահը եւ սա իրենց համար առաջնային սկզբունքային կետ է եւ դա անկախ նրանից, թե ինչպիսի վիճակում կլինի Հայաստանի տնտեսությունը:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀԿ մոտեցումներին այսօր մեկ այլ մամուլի ակումբում անդրադարձել է նաեւ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հանրապետական պատգամավորը հիշեցրեց երեկ Բրյուսելում հանրապետության նախագահի ելույթում հնչած կոշտ դիրքորոշումները՝ խնդրի հետ կապված՝ հավելելով, որ դա արտահայտված է նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: Ավելին՝ նախագահի շուրթերով դրսեւորվեց հանրապետական կուսակցության ծրագրի էությունն իր անվտանգային բաղադրիչով՝ եզրափակեց հանրապետական պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button