Քաղաքական

Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ: Այն կոչվելու է Համապարփակ և ընդլայնված գործուընկերության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նման համաձայնություն է ձեռք բերվել այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի շրջանակներում: Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսին:

ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews-ին:

Սարգսյանը, մասնավորապես շեշտել է, որ հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, իսկ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է:

Լրագրողի հարցին, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային, բացի Հենրիխ Մխիթարյանից, Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան»:

Անդրդառնալով 2015-ին տեղի ունեցած հանրաքվեին, որով Հայաստանը դառնալու է խորհրդարնական պետություն, Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական համակարգը ավելի արդյունավետ լինելուց բացի, հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը և երկրի կառավարմանը:

Լրագրողը հարցրել է Սերժ Սարգսյանին, արդյոք այն հանգամանքը, որ նրա անունը չկա խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության ցուցակում, նշանակում է քաղաքականությունից դուրս գալ: «Դա նշանակում է, որ մենք ականջալուր ենք ընդդիմության այն մտահոգություններին, որ խորհրդարանական ընտրություններում կարող են օգտագործվել իշխանական ռեսուրսները: Դա նշանակում է նաև, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորել իրենց քաղաքականությունում»,-ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button