Տնտեսական

Հայ գինեգործները Հայաստան վերադարձան 23 մեդալով

տեղադրված 11.38-ին
լրացված 17.00


Հայկական գինեգործական ընկերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում կազմակերպված  «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությունից վերադարձել են 10 ոսկե և 13 արծաթե մեդալներով: Հայկական գինու որակը եվրոպական  շուկայում առաջատար դիրքերում է:  Հանձնաժողովի անդամներից մեկն այնքան է տարվել հայկական գինու  համով, որ  հրաժարվել է համտեսի համար նախատեսված  շիշը հանձնել մեկ ուրիշին: Ցուցահանդեսից  որոշ մանրամասներ այսօր «Ռադիոլուրին» է փոխանցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի  գործադիր տնօրենի ժ/պ` Վահե Ջիլավյանը: Նա նաև նշել է, որ Գերմանիայում հայ գինեգործները ևս մեկ ցուցահանդեսի են մասնակցելու:


Հնագիտական պեղումները  փաստեցին՝ ՄԹԱ 9-րդ դարում  Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն: 2011թ Վայոց ձորում  հայտնաբերվեց նաև  աշխարհի ամենահին գինու հնձանը:

Կյանքն առաջ է գնում, փոխվում է նաև հայկական գինու համը, անփոփոխ է մնում գինու ձայնը:  Հայկական գինին շատ շուտով համաշխարհային գինեգործության քարտեզի վրա իր ուրույն  տեղը կունենա՝ վստահեցնում են Վայոց ձորի մարզի հայտնի Արենի համայնքի անհատ գինեգործները:  Սա նրանց եկամտի հիմնական ու որոշ դեպքերում նաև միակ ապրուստի միջոցն է:

Հայկական գինու որակը  գնահատում են նաև  մեր երկիր այցելող զբոսաշրջիկները՝ «Այս գինին շատ  համեղ է, ես գինու մասնագետ չեմ, բայց հայկական գինի շատ համեղ է: Սա հրաշալի գինի է»:

Եվրոպացիները, ու ոչ միայն, հայկական գինին համտեսեցին ու գնահատեցին նաև Հայաստանի սահմաններից դուրս: Հայ գինեգործները հայկական գինու որակով  գրավեցին  Եվրոպայում  հայտնի  գերմանական «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցույթի հարթակը:   Մեկնեցին  19  գինեգործական ընկերություններ,  վերադարձան՝ 23 մեդալով՝ 10 ոսկի և 13 արծաթ: Ընդհանուր առմամբ, հայկական  58 տեսակի գինի է ներկայացվել: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի  գործադիր տնօրենի ժ/պ` Վահե Ջիլավյանն էլ է արդյունքներից անակնկալի եկել:

Շատերն էին ցնցված հայկական գինու համով՝ ասում է զրուցակիցս՝ փոխանցելով՝ հանձնաժողովի անդամներից մեկի տպավորությունները:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ խոստովանում է՝  վերջին տարիներին է հայկական գինին սկսել ներկայացվել աշխարհին:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայկական գինու հաջողության երկու պատճառ է նշում։ Նախ՝ մինչեւ 2008 թվականը տնտեսական քիչ թե շատ կայունությունը ոլորտում կայացած ներդրողներ ներգրավվեցին, իսկ արդեն համաշխարհային  ֆինանսական ճգնաժամից հետո՝ շուկաները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտություն առաջացավ:

Մինչ  հայկական գինին եվրոպական շուկաներն է գրավում, Հայաստանում շարունակվում է  լայն թափով օղու սպառումը։ Գինի մշակությային, իսկ օղին՝ քաղաքական խմիչք է՝  ասում է Ավագ Հարությունյանը

Ի դեպ,  այս տարվա մարտի 19-21 հայկական գինին կներկայացվի գերմանական մեկ այլ՝ Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք գինու մասնագիտական ցուցահանդեսում: Հայաստանից մեկ միասնական տաղավարով  գինեգործական 14 ընկերություն կմասնակցի:

Ցուցադրել ավելի
Back to top button