Քաղաքական

ԱԺ նիստը չկայացավ

տեղադրված 12.53
լրացված 16.51

Այսօրվա աշխատանքային օրը խորհրդարանում պատգամավորները համարեցին ավելորդ եւ որոշեցին չներկայանալ աշխատանքի: Արդյունքում՝ քվորում չլինելու պատճառով Աժ քառօրյա նիստերի վերջին՝ չորրորդ օրվա աշխատանքը տապալվեց: Իրավիճակը նույնիսկ չփրկեց կանոնակարգ-օրենքով պատգամավորներին աշխատավայր ներկայանալու համար տրված լրացուցիչ 3 ժամը:


131 պատգամավորից այսօր աշխատանքի էր ներկայացել ընդամենը 34-ը՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66-ի փոխարեն: Խորհրդարանի ղեկավարը Աժ կանոնակարգ օրենքի համաձայն հավաքվելու ժամանակ տվեց:

Սա այն դեպքում, որ դեռ երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Աժ նախագահին հորդորում էր հետեւել կարգուկանոնին՝ պատշաճ աշխատանքային որակ ապահովելու համար: Այն, որ օրենսդիր մարմնում աշխատելու մտադրություն առաջիկայում այլեւս չկա, վկայում էր միայն այն հապճեպությունը, որով խորհրդարան այս շաբաթ բերվեց օրինագծերի վերջին անհրաժեշտ «խմբաքանակը»:

Հենց այդպիսի կարգուկանոնի բացակայության պատճառով էր, որ մոտ մեկ տարի առաջ պատգամավորներն անհայտ մի ընկերության տվեցին հարկային արտոնությունների իրավունք, քանի որ այդպես էր ցանկացել կառավարությունը: Հետո նոր բացահայտումներ արեցին այդ ընկերության մասին: Հետին թվով՝  մի քանի օր առաջ բացահայտումներին ծանոթացավ նաեւ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Այս ամենը, ինչպես նաեւ այսօրվա՝ աշխատանքներին չներկայանալու փաստը թերեւս կարող ենք մեկնաբանել, որ պատգամավորները վաղաժամկետ լքեցին իրենց խրամատները:  Ժամանակին հանրապետական խմբակցության պատգամավորներին  հենց այդ «խրամատներում» լավ աշխատելու հորդոր էր արել ՀՀ նախագահ եւ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Խրամատները լքելու տեսակետն այսօր չընդունեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, թեեւ գրանցված փաստերը վկայում էին, որ խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող Հանրապետական խմբակցության 69 անդամներից օրվա սկզբում գրանցվել էր ընդամենը 6 պատգամավոր: Խորհրդարանի փոխխոսնակը չի կարծում, որ նախընտրական շրջանում մնացածը գնացել են ուրիշ «խրամատ» փորելու, հակված է կատարվածին տալ ուրիշ բացատրություն:

« Հանրապետականների խրամատը նույնն է: Միամիտ լոռեցիների վանաձորյան բոյկոտը հասավ նաեւ մայրաքաղաք Երեւան, պառլամենտ: Սա հումոր էր: Իսկ, եթե ավելի լուրջ՝ չեմ կարող ասել, ոչ միայն մեր կուսակիցները չկան: Դուք տեսաք, որ բազում կուսակցություններից չկան պատգամավորներ: Մինչեւ 15.00-ն կսպասենք, օրենքով սահմանված կարգով: կլիի՝ կաշխատենք, չի լինի՝ չենք աշխատի»:

Իսկ ընդհանրապես, դեպքերի այսպիսի զարգացում պատգամավորները կանխատեսում էին վաղուց: Խնդիրն այն է, որ երկու օրից մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը եւ պատգամավորներն արդեն փաստացի լծված են այդ աշխատանքին: Այս պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել ԱԺ հաջորդ քառօրյայի մասին: Մինչեւ խորհրդարանական ընտրություններ եւս մեկ քառօրյա՝ ըստ ժամանակացույցի, պետք է գումարվի մարտի 20-ից 23, բայց, ամենյան հավանականությամբ, այն կարժանանա նույն ճակատագրին, ինչ այսօրվա չկայացած նիստը:

Back to top button