ԿարևորՀասարակություն

«Ռադիոլուր»-ի առաջին զանգը՝ Զանգիով, Զանգիի համահիմնադիրին


Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ից մարտի 2-ը  Բարսելոնայում մասնակցում են ՏՏ միջազգային ամենախոշոր իրադարձություններից մեկին` «Mobile World Congress»-ին։ Կատալոնիայի մայրաքաղաքում IT ընկերությունները ներկայացնում են իրենց նորարարությունները, գործարար կապեր են հաստատում, գովազդում են իրենց արտադրանքը, շփվում, ծանոթանում  ոլորտի զարգացման միտումներին: Հայաստանն այս տարի առաջին անգամ է մասնակցում այս խոշորագույն իրադարձությանը՝ ի դեմս « Զանգի» ընկերության։ «Զանգին» ֆունկցիոնալ առումով նման է Viber, skype, whatsup կապի միջոցներին: Ստեղծվել է 2013 թվականին, բայց նոր է ներկայացվում աշխարհին: Բարսելոնայում հայ նորարարներին ուղեկցում եւ աջակցում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Հասմիկ Մարտիրոսյանը Զանգիով Զանգ է կատարել Բարսելոնա  եւ գնահատել կապի հայկական միջոցի որակը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը զանգեր է կատարում Զանգի հավելված միջոցով։ Կառավարության ղեկավարը մոտ 15 ժամ առաջ է իր տպավորությունը ներկայացրել համացանցում. « Հայկական արտադրության Zangi հավելվածը մարտահրավեր է նետում Skype-ին, Viber-ին և WhatsApp-ին» ։ «Զանգիի» համահիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը, ով գտնվում է Բարսելոնայում, տեղյակ է, որ վարչապետն օգտվում է կապի հայկական տարբերակից:

« Նկատեցի: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, շատ շնորհակալ եմ: Ես կարող եմ վարչապետին եւ մյուս օգտվողներին երաշխավորել, որ Զանգին ոչ մեկի կողմից չի գաղտնալսվում: Եթե մյուս կապի ծառայությունների սերվերներում պահպանվում են տվյալներ, մեր դեպքում ոչ մի տվյալ չի պահվում, եթե անգամ կոտրվի համակարգը հակերների կողմից, չի կարող գտնվել ինֆորմացիա ձեր մասին»:

Վահրամ Մարտիրոսյանի հավաստիացումներին հավատում է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբիելյանը։ Նա Զանգիի մասին առաջին անգամ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից է տեղեկացել, ապա նաև սկսել է օգտվել դրանից:

«Որովհետև ոնց որ թե մրցունակ է: Հ իմա ես ունեմ ԶԱՆԳԻ, մեզ պետք է ձեր օգնությունը, որ ամեն մեկը ԶԱՆԳԻ ունենա ու զանգի ինձ: Ով ունի ԶԱՆԳի, դրանով եմ իր հետ խոսում: Կապի տեսակետից շատ ավելի կայուն է»:

Այժմ վերադառնանք Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress»-ի ընթացքին: Արդյո՞ք այլընտրանքային «Զանգիով» հետաքրքրվել են հայտնի Viber, Skype-ը, Whatsup ընկերությունները։ Առայժմ չնշելով անուններ՝ Վահրամ Մարտիրոսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ «Զանգին» Հայաստան է վերադառնալու պայմանավորվածությունների մեծ փաթեթով, որոնք նոր հեռանկարներ կբացեն մեր երկրի համար՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում  ճանաչելիության եւ դերի բարձրացման հարցում:

Կոնգրեսում ներկայացված հայկական «Զանգիի» տաղավարը մեծ ընկերությունների ներկայացուցիչները եւ նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրվողները չեն շրջանցել: Չորս օրվա ընթացքում Զանգի հավելվածը ներբեռնել, փորձարկել եւ հավանություն են տվել շատերը:

Այսօր «Զանգին» ժամանակակից սուրհանդակ է, որով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել և տեսազանգեր կատարել «iOS» և «Android» օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից: Ընկերությունն  այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ։

Ցուցադրել ավելի
Back to top button