ԿարևորՀասարակություն

Պահքն ու քարոզարշավը. մե՞ղք է սուտ խոստումը

Մեծ պահքի մասին պետք է ոչ միայն խոսել, այլև սովորել, թե ինչպես պետք է այն պահի յուրաքանչյուր հավատացյալ: Հատկանշական է, որ պահոց շրջանն այս տարի ուղեկցվում է նախընտրական քարոզարշավով: Արդյո՞ք հավատացյալ թեկնածուները, ովքեր նախընտրական խոստումներ կտան, դրանով չեն խախտի Մեծ պահքը:

 

Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է Մեծ պահքը և հատկանշական է, որ այս տարի պահոց շրջանը համընկնում է նախընտրական քարոզարշավի հետ: Գիտենք, որ Պահքի խորհուրդը ոչ միայն որոշակի սննդակարգի հետևելն է, այլ, առաջին հերթին, հոգևոր մաքրագործման ճանապարհն է: Պահքի շրջանում պետք է հրաժարվել ոչ միայն մոլի սովորույթներից, այլև շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է խոստումներով, որոնք հաճախ այդպես էլ մնում են լոկ խոստումներ:

Հիշո՞ւմ եք հայտնի խոսքը. երբեք այնքան շատ չեն ստում, որքան ընտրություններից առաջ: Արդյո՞ք Պահքի խորհուրդը չեն խախտում գալիք ընտրությունների այն թեկնածուները, ովքեր և պահք են պահում և նախընտրական խոստումներով են շռայլում: «Ռադիոլուրի» հետ զրույցում Տեր Ղազար քահանա Պետրոսյանը նկատեց, որ մարդ պետք է նախևառաջ Աստծու և իր խղճի առաջ հաշվետու լինի:

Արդյոք նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուները մեղք գործում են, թե՝ ոչ, քահանան չի կարող միանշանակ պատասխանել: Հնարավոր է, որ նույն այդ թեկնածուները իրականում իրենք էլ են հավատում սեփական խոստմանը: Այդ դեպքում, նրանք մեղք չեն գործում:

Գիտենք, որ պահոց շրջանում արգելվում է կենդանական ծագման սննդամթերք օգտագործելը: Միևնույն ժամանակ՝ նախընտրական քարոզարշավին զուգահեռ թեժանում է պայքարը ոչ միայն թեկնածուների միջև: Անգամ որոշ շրջանակներում այդ իրարանցումը վերածվում է ծեծկռտուքի և հայհոյանքների: Քահանան նաև այս փոխհարաբերություններին անդրադարձավ՝ հատկապես հաշվի առնելով պահոց շրջանը:

Տեր Ղազարն իհարկե կցանկանար որպեսզի պահք պահեին մեր բոլոր քաղաքական գործիչները, բայց եթե անգամ ոչ բոլորը պահեն, թող գոնե Պահք չպահողը չփորձի օգտագործել պահոց շրջանը և նախատել պահողին:

Թեկնածուներին մեղադրելիս, ի դեպ, քաղաքացիները պետք է վերլուծեն նաև իրենց գործողությունները: Ընտրակաշառք տալու մեջ մեղադրելիս պետք է հաշվի առնեն, որ ոչ պակաս մեղք են գործում նաև ընտրակաշառքն ընդունողները՝ նկատում է քահանան:

Քահանան մեր հասարակությանը խորհուրդ տվեց տորք տալ ոչ թե ընտրակաշառքին, այլ՝ սեփական բանականությանը, որպեսզի հետագայում էլ չփոշմանեն սեփական ընտրության համար: Ւսկ ընդհանրապես՝ միակ թեկնածուն, ում օգտին առհասարակ չի կարելի քվեարկել դավանող անաստվածներն են՝ ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button