Քաղաքական

Ինչ կհաջորդի Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրին


ՀՀ-ԵՄ բանակցություններին պետք է բնականաբար հաջորդի շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կասկածում է, թե կստորագրվի այդ փաստաթուղթը: Հիշեցնենք, որ 2013-ին կասեցվեց ըստ էության ասոցացման համաձայնագիրը, ինչին եկան հաջորդելու նոր բանակցություններ ԵՄ հետ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լավատես է ու կարծում է, որ փաստաթուղթը անշուշտ կստորագրվի:

 

 

2015 թվականի վերջին սկսված ՀՀ-ԵՄ բանակցություններն արդեն ավարտված են՝ Բրյուսելում երկու օր առաջ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ հեռանկարներ է համագործակցության նոր փաստաթուղթը բացում Հայաստանի առջև և որքանով է տարբերվում ասոցացման համաձայնագրից,  որն այդպես էլ չստորագրվեց՝ ԵՏՄ- ին անդամակցելու պատճառով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը մտահոգություն հայտնեց, որ նոր կազմված շրջանակային համաձայնագրից բացակայում է խորը և համապարփակ ազատ առևտրային գոտիների ստեղծման բաղադրիչը, ինչն ամենից կարևորն էր՝ նրա կարծիքով

«Ամբողջությամբ հանվել է ազատ առևտրային գոտիների ստեղծման կետը, ինչին ամեն օր առնչվելու էին ՀՀ քաղաքացիները»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ փաստաթուղթն ամբողջությամբ հայտնի չէ, գիտենք 4 ուղղությունների մասին, որոնք նրա մոտ հույս են արթնացնում, որ   փաստաթուղթը հիմք է ստեղծում ԵՄ հետ ազատ առևտրի համար:

«Իհարկե, դա առաջ է, շատ մոտ է ասոցացման համաձայնագրին: Ներդրումներ և առևտուր գլուխը խոսում է նրա մասին, որ հեռանկար կա այն վերածելու խորը և համապարփակ ազատ առևտրային գոտու»:

Նա նաև նկատեց, որ ամռանը ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է  մաքսային օրենսգրքի ընդունում, որը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Տնտեսագետը կարծում է, որ այն հակասությունների մեջ կմտնի Առևտրի համաշխարհային կազմակերպության պարտավորությունների հետ և կյանքի չկոչվող փաստաթուղթ է։

ՀՀ-ին հետաքրքրում է էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը։ Հայաստանը կդառնա  ընդհանուր ավիացիոն տարածքի մաս՝ նշեց Աշոտ Եղիազարյանը՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն,  քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով  շրջանակային համաձայնագիրը  ասոցացման համաձայնագրի լայց  (թույլ)  տարբերակն է : Փաստաթուղթն այն առավելագույնն է,  որ կարող էինք ունենալ ԵՄ-ՌԴ շարունակվող հակասությունների  ֆոնին:

«Մինչև նոյեմբեր նաև վիզային ազատականացման գործընթացում առաջընթաց կունենաք»:

Սակայն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ պատկերը բոլորովին այլ է։ Նա հոռետես է ՀՀ կողմից ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում:

«Վստահ եմ, որ ԵՄ պատրաստ էր ստորագրել հենց հիմա, ինչու մնաց ընտրություններից հետո»:

Իսկ ահա Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների համար ավելի լավ կլիներ, եթե ստորագրվեր փաստաթուղթը մինչև ընտրությունները, քանի որ քարոզչական հնարավորություն կտար: Ինչևէ,  ըստ քաղաքագետի, միայն ֆորս մաժորային իրավիճակը կարող է խանգարել ՀՀ-ԵՄ շրջանակային փաստաթղթի ստորագրմանը, որից ոչ մեկ ապահովագրված չէ։

Նկարը՝ Մեդիա կենտրոնի

Ցուցադրել ավելի
Back to top button