Հասարակություն

Երեք օր՝ նախագծի լրացուցիչ քննարկման համար


Առաջարկությունները  կարգավորել  օրենքո՞վ, թե՞ կառավարության որոշումներով։ «Դատախազության մասին» օրենքում արդարադատության նախարարության առաջարկած լրացումների օրինագիծն  այսօր կառավարությունում Քննչական կոմիտեից նախագահ Աղվան Հովսեփյանի ի ու արդարադատության նախկին ու ներկա նախարարների՝ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ ակտիվ քննարկման առարկա է դարձել: Չնայած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առաջարկել էր նախագիծը հանել կառավարության նիստի օրակարգից, այդուհանդերձ, վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով, այն հաստատվել է, թեեւ, ըստ պայմանի, երեք օր կքննարկվի: Գործադիրն այսօր հանրությանը հուզող մեկ այլ նախագիծ էլ է հաստատել:

Առարկություն կառավարության նիստի սկզբում՝ ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից: Հայաստանի երկարամյա նախկին գլխավոր դատախազն  առաջարկում էր նիստի  օրակարգից հանել առաջին իսկ հարցը՝  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հովսեփյանը  նախագծից տեղյակ չէր, պնդում էր՝

«Մեզ չի ուղարկվել նախագիծը, Հայաստանում կա չորս քննչական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել: Նախագիծը վերաբերվում է  մեր աշխատանքի կարգավորմանը»:

Արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հստակեցրեց՝ «նախագիծը արդարադատության նախարարությունն է ներկայացրել, հարցը քննարկվել է նախարարարական կոմիտեի նիստում»:

«Բոլոր մարմինները ստացել են, դա ուղարկվում է մեյլով՝ տարիներ շարունակ: Եթե որևէ մեկը առարկություն ունի, գալիս է կոմիտեի նիստի, ներկայացնում է այդ հարցը: Ես կառաջարկեմ նախագիծը օրակարգում պահպանել»:

Մոտ չորս րոպե  նախկին գլխավոր դատախազն ու արդարադատության նախկին նախարարը վարչապետի ու կառավարության անդամների  ներկայությամբ  քննարկում էին նախագիծն  օրակարգից հանել-չհանելու  նպատակահարմարությունը:  Նախագիծն օրակարգում մնաց միայն վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկից հետո միայն.

«Պարոն Հովսեփյան, քանի օր ժամանակ է պետք, քանի որ մենք ունենք որոշակի ժամկետների սահմանափակում:  Պարոն վարչապետ, մենք պատրաստ ենք քննարկման, մեկ -երկու օրը բավարար է: Այդ դեպքում մենք այսօր հարցը կլսենք, երեք օր լրացուցիչ կտանք քննարկման համար»:

Պարզվեց, որ  ներկայացված նախագիծն էլ Աղվան Հովսեփյանի «սրտով»  չէր:  Հովսեփյանն առաջարկում էր փոփոխություններն ամրագրել ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշումներով: Մինչդեռ, արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել , ըստ որի՝ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի`մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում իր կայքէջում:

Հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:  Նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն  բնույթի  հանցագործությունների  վերաբերյալ  տեղեկատվությունը առանձին հրապարակել: Սա՝ հանրության հետաքրքրությունը  բավարարելու նպատակով:  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ.

«Հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որևէ պարտավորություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշմամբ, կամ այսպես ասենք, պրակտիկայով»:

Այստեղ էլ Քննչական կոմիտեի նախագահ նախկին  գլխավոր դատախազն  առարկություններ ուներ: Բանավեճն իրավական գիտելիքների հարթություն  տեղափոխվեց: «Կարգավորվող առարկան ընդամենը հանցագործության մասին  ինֆորմացիա տրամադրելու մեջ է»,- հստակեցնում էր Աղվան Հովսեփյանը.«Մեթոդական ուղեցույց հասկացությունը «Իրավական ակտերի մասին» օրենքում  գոյություն չունի, նման իրավական ակտ գոյություն չունի: Դատախազությունը իրավունք  չունի  նորմատիվ ակտ ընդունելու, որը պարտադիր լինի նախաքննության մարմնի համար: Օրենքով այս հարցը կարգավորելու անհրաժեշտություն չկա»:

Այս բանավեճն էլ ավարտվեց Կարեն Կարապետյանի միջամտությունից հետո միայն, չնայած կողմերը մնացին իրենց կարծիքին:

Մինչև  այս տարվա հունվարի 1- ը յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ գումարի դրամագլուխը հնարավոր էր տնօրինել  ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Գումարը  հնարավոր է օգտագործել   հիփոթեքային վարկի տոկոսագումարի, ուսման վարձի վճարման,  գյուղատնտեսական սուբսիդավորվող  վարկերի մարման ու հեռավոր, սահմանամերձ  բարձր լեռնային համայնքներում  անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Այսօր  հաստատված նախագծով,  իրավական այս  նորմը կգործի մինչև  2017թ դեկտեմբերի 31-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button