Հասարակություն

«Հաց բերող»-ին կալանավորելը կարող է նոր ընդվզման պատճառ դառնալ


Արդեն 19 օր է, ինչ կալանավայրում հացադուլ է անցկացնում երկրորդ անգամ կալանավորված Արթուր Սարգսյանը՝ հայտնի Հաց բերողը: Մամուլը պարբերաբար մտահոգություններ է հայտնում այդ առթիվ: Արթուր Սարգսյանին երաշխիքով ազատ արձակելու համար շաբաթվա սկզբին ստորագրահավաք նախաձեռնեցին խորհրդարանականները: Դատախազությանն ուղղված ստորագրահավաքին միացել է 26 պատգամավոր: Իրենց մտահոգություններն են նաեւ լրագրողների հետ հանդիպումներում կիսում հայտնի մտավորականներ ու գործիչներ: Խնդրին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել են Անահիտ Բախշյանն ու երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը: Նրանք չափազանց վտանգավոր քայլ են համարում Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորելը, քանի որ այն կարող է նոր ընդվզման պատճառ դառնալ:

 

«Հաց բերող»-ին՝ Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելը վտանգավոր է համարում ընդդիմադիր գործիչ Անահիտ Բախշյանը, քանի որ դա հերթական ընդվզման ալիք է տալիս: Դատախազության հիմնավորմամբ՝ վերջինս կրկին կալանավորվել է, քանի որ խախտել է ստորագրությամբ բաց թողնվելու պայմանը: Նա ծանուցագիր է ստացել, սակայն, չի ներկայացել իրավապահ մարմիններին: Անահիտ Բախշյանը, մինչդեռ, սա ընդամենը պատրվակ է համարում.

«Երբ այդ խորհրդանշական ածականը կրող մարդը՝ Հաց բերողը բանտարկվում է, դա նշանակում է, որ այս իշխանությունները բոլոր այդ արժեքները, որ կապված են սրբություն հացի հետ, ցեխոտում է, կեղտոտում է ու հերթական ընդվզման առիթ է տալիս»:

Արդեն երրորդ օրն է Ազատության հրապարակում Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին ազատելու պահանջով նստացույց են անում մի խումբ երիտասարդներ: Անահիտ Բախշյանի գնահատմամբ՝ նստացույց անող երիտասարդները դրանով շեշտում են, որ իրենք էլ են պատրաստ ինքնազոհության: Դա շատ գնահատելի է, բայց եւ վախենալու՝  շեշտեց Անահիտ Բախշյանը:

Մենք եղանք նաեւ Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի վայրում եւ զրուցեցինք մասնակից երիտասարդների հետ: Մեզ հետ զրույցում նստացույցի մասնակիցներից Տիգրան Բարսեղյանը շեշտեց, որ մինչեւ վերջ պայքարելու են Հաց բերողին ազատելու համար, քանի որ համոզված են՝ նրան երկրորդ անգամ անօրինական կալանավորել են:

«Գիտենք, որ հիմա նա հացադուլի մեջ է եւ նրա առողջականի վրա դա շատ է ազդում: Մեր կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում նույնիսկ, այն դեպքում, երբ միջնորդություն է եղել ԱԺ-ից — ոչ մի քայլ չի ձեռնարկվում, որ նրա խափանման միջոցը փոփոխվի»:

Եթե Հաց բերողին ինչ-որ մի բան պատահի, դա կլինի մեր ամբողջ ազգի խայտառակությունը՝ այսօր խնդրին անդրադառնալով ասաց երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը: Նրա համոզմամբ՝  Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելը ցույց է տալիս, որ մենք պարզապես նորից մտնում ենք տեղապտույտի մեջ:

«Ծուռ հայերիների թագավորություն է մեզ մոտ: Բնականաբար, Արթուրին երկրորդ անգամ փակելն ընտրությունների հետ կապ ունի: Նա որպես ակտիվ ֆիգուր եւ շատ գնահատված ու սիրված ֆիգուր, ըստ երեւույթին վտանգ էր ներկայացնում իշխանությունների վերարտադրության պրոցեսի համար: Բնականաբար նրան նորից որոշեցին մեկուսացնել, դրա համար էլ այս աստիճան անհաղորդ են. ընդհանրապես որեւէցե մի կարեկցանքի նշույլ էլ չեն դրսեւորում»:

Թե՛ Անահիտ Բախշյանը, թե՛ Եղիշե Պետրոսյանը կոչ արեցին իշխանություններին եւ Հայ եկեղեցուն՝ միջամտել եւ մարդասիրություն ցուցաբերել Հաց բերողի հանդեպ, ում մականունն արդեն արժեքային շատ բանի մասին է խոսում:

Ցուցադրել ավելի
Back to top button