Քաղաքական

ԼՂ շուրջ բախման հավանականությունը մեծ է. փորձագետներ


Որքանով է մեծ նոր ռազմական գործողությեւնների վերսկսման հավանականությունը, հարցն անմիջապես հիշեցնում է նախորդ տարվա ապրիլը, ինչի հիման վրա զեկույց է պատրաստել ԱՄՆ «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնը։ Զեկույցում նշվում է առաջիկայում հակամարտության սրացման մասին, ներկայացնում են նաև կանխարգելիչ քայլեր: 

Առաջիկայում արցախյան հակամարտության սրացման մեծ հավանականության մասին են խոսում շատ փորձագետներ,  ինչը պայմանավորում են թե’ Հայաստանում սպասվող առաջիկա ընտրություններով, թե’ Ադրբեջանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով: Վատ կանխատեսումներով մի զեկույց էլ հրապարակել է ԱՄՆ «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնը։ Նախորդ դարի 20-ական թվականներին ստեղծված այս կենտրոնը համարվում է ամերիկյան կառավարության համար ռազմավարություն մշակող կարեւորագույն փորձագիտական կառույցներից մեկը։ Զեկույցում մասնավորապես նշվում է, որ առաջիկա  12 ամիսների ընթացքում բավականին մեծ է ղարաբաղյան հակամարտության գոտում բախման հավանականությունը:

Վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցող լարվածության և 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի փաստը  հաշվի առնելով՝ մտահոգություն կա, որ հակամարտությունը նոր թափով կարող է բորբոքվել և ավելի մեծ վտանգ ներկայացնել թե՛ տարածաշրջանի ընդհանուր կայունության ու անվտանգությանը, թե՛ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների շահերի համար:

Նույն մտավախությունն ունի նաև քաղաքագետ Սերգեյ Մինասյանը.«Ոչ շատ լայնածավալ, բայց  ապրիլյանին մոտ լարվածություն կլինի»:

 

Զեկույցում նաև առաջարկվում են լարվածությունը թուլացնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։ Օրինակ՝ ՄԱԿ-ի դերակատարման բարձրացում,  Թուրքիայի կառուցողական ներգրավում, ինչի վտանգավորության մասին խոսելը թերևս ավելորդ է: Սան զուգահեռ նշվում է նաև,  որ պետք է ընդլայնել ԵԱՀԿ ՄԽ լիազորությունները, մասնավորապես՝ միջնորդ լինելուց զատ օժտել նաև բանաձևեր ու առաջարկներ թելադրելու մանդատով: Միաժամանակ առաջարկվում է սահմանային խախտումները բացառելու համար ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն անվանական մատնացույց անի խախտում իրականացնող կողմին, որին պետք է հետեւեն համարժեք քայլեր՝ ընդհուպ պատժամիջոցները։

Նշվում է նաև, որ կողմերին պետք է ստիպել վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների շուրջ ձեռք բերված պարտավորությունների պարտադիր կատարում: Այս համատեքստում  առաջարկվում է դիտարկել նաեւ վերահսկողական մեխանիզմների տեղադրման այլընտրանքային մոտեցումներ։ Մասնավորապես՝ սահմանի կողմում՝ հայկական հատվածից վերահսկողական մեխանիզմների տեղադրում։

Զեկույցում նշվող առաջարկներում ընդ որում, շեշտվում է, որ եթե կողմերը չկարողանան գնալ  երկխոսության՝ չի բացառվում, որ ԱՄՆ դուրս գա  ՄԽ համանախագահությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button