Հասարակություն

Արմավիրի մարզի զարգացման ռազմավարությունը դրված է հանրային քննարկման


Արմավիրի մարզում դեռ մշակման փուլում է  մարզի 2017-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության ծրագիրը, որը ենթադրում է կայուն, համաչափ զարգացող մրցունակ տնտեսություն, զբաղվածության բարձր մակարդակ և ծայրահեղ աղքատության ամբողջությամբ հաղթահարում: Ռազմավարությունում ներկայացված ուղղությունները դրվել են հանրային քննարկման, իսկ առաջարկությունները ներառվելու են զարգացման գերակա ուղղություններում: Արդեն երկու անգամ հանրային լսումների ընթացքում  քննարկվել է Արմավիրի մարզի 2017-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության ծրագիրը, որը ներառում  է տնտեսության  բոլոր ոլորտներն իրենց  ուժեղ ու թույլ կողմերով, նախանշում զարգացման պոտենցիալ հնարավորությունները նաև ինովացիոն նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:  Մշակվել է մարզի  տարածքային զարգացման տեսլականը՝ ունենալ կայուն, համաչափ զարգացող մրցունակ տնտեսություն, զբաղվածության բարձր մակարդակ և ծայրահեղ աղքատությունն ամբողջությամբ հաղթահարած մարզ: Ռազմանավարական նպատակները ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը:

 

Գերակա ուղղություններից են գյուղատնտեսության պաշտպանվածությունը, զարգացումը,  ոչ ֆորմալ աշխատատեղերի ստեղծումը, քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների բարելավումը, էներգախնայող համակարգերի ներդրում և այլն: Կարևորվել է զարգացման երեք ուղղությունը՝ արդյունաբերության աճ՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացմամբ, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում հատկապես  Բաղրամյանի տարածքում, տուրիզմի զարգացում՝ շեշտը դնելով  հոգևոր, մշակութային և գյուղական տուրիզմի վրա:

Արմավիրի մարզի 2017-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության հանրային քննարկումներին մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները, ֆերմերները, գործարարներն ու շահագրգիռ  կողմերը ներկայացրեցին  զարգացման հեռանկարային նոր առաջարկություններ: Ֆերմերներից մեկն իր այգում սեփական միջոցներով  ներդրել է ոռոգման ջրի  համակարգ, որտեղ նվազագույնի է հասել ջրի կորուստը:

Առաջարկեց գյուղատնտեսության զարգացման համար իր փորձի ներդրումը, միաժամանակ ՋՕԸ-ի  հետ անհատական  նոր պայմանագրի կնքում, ջրառի  նոր սակագնով՝ 11դրամի փոխարեն մեկ խորանարդի դիմաց՝ 3 դրամ:  Առաջարկվեց ուժեղացնել ենթակառուցվածքները,   զարգացնել փոքր ու միջին բիզնեսը,  արդյունաբերությունը: Կարևորվեց մշակույթի և զբոսաշրջության համաչափ զարգացումը՝ խթանելով էթնո, էկո, ագրոտուրիզմի զարգացման ծրագրերը: Գետաշենի դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը մեջբերեց այն ծրագրերը, որոնք ներդրվել են դպրոցում, ուժեղացրել այն և զարգացրել ոչ ֆորմալ կրություն: Նոր ծրագրերով զարգացնում են գյուղական սահմանամերձ բնակավայրի մշակույթը:

Զբոսաշրջությունը չպետք է սկսվի ու ավարտվի Էջմիածնի Մայր տաճարի այցելությամբ,  պետք է գրավչության գյուղական  վայրեր ստեղծել, որպեսզի Հայստան եկող սփյուքահայը չասի՝ 5 անգամ Հայաստան եկած եմ, 5 անգամ  Էջմիածին, Սարդարապատ ու Ծիծեռնակաբերդ  տարած են:

Մարզի տարածքայինզարգացման  ռազմավարությունում ներառվելու են բոլոր առաջարկությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button