Հասարակություն

Անցում՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի


Էլեկտրոնային առողջապահությունը 21-րդ դարի առողջապահական ոլորտի արդյունավետ գործունեության կարևորագույն հիմքն է: Էլ-առողջապահությունը Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նպատակաուղղված է զարգացնել առողջապահական համակարգը` բարելավելով վերջինիս որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը տեղեկատվական համակարգերի միջոցով: ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը հնարավորություն կտա հասարակությանը մատուցել բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ:

 

 

Հոկտեմբերից այլեւս պոլիկլինիկա մտնելուց չի պահանջվի ընդունարանից վերցնել ձեր բժշկական քարտը։ Բավարար է բժշկին ներկայացնել սոցիալական, կամ ավելի ճիշտ նույնականացման քարտը։ Այսինքն՝ մենք անցնում են էլեկտրոնային առողջապահական համակարգի։ Յուրաքանաչյուր այցելուի համար բացվելու է մեկ միասնական էլեկտրոնային բժշկական քարտ, որը հասանելի կլինի համապատասխան մասնագետին՝ անկախ վայրից ու ժամանակից: Մուտքը համակարգ իրականացվելու է ID քարտի միջոցով։ Այցելուն իր ID քարտով մուտք է գործելու անձնական էջ եւ թույլատրելու է բժշկին մտնել այդտեղ իր ID քարտով՝ ներկայացնելով նոր համակարգը նշեց Հայաստանի առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը:

Ինչ վերաբերում է տվյալների գաղտնիությանը՝ Վարդան Գևորգյանը հայտնեց, որ այս համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները եւ մեխանիզմները ներդրվել են համաշխարհային լավագույն փորձի հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք առկա են եւ կարող են ծագել անձանց տվյալների գաղտնիության խոցելիության դեպքում: Համակարգում ցանկացած անձի՝ թե՛ քաղաքացու, թե՛ բժշկի մուտքը թույլատրվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով: Քաղաքացիների գրանցումը էլեկտրոնային առողջապահական համակարգում, ի դեպ, կիրականացվի բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա:  Նոր համակարգի շնորհիվ քաղաքացին ինքն էլ կկարողանա բժիշկի ցուցումներին հետևելով որոշ տվյալներ մուտքագրել իր բժշկական պատմության մեջ, իսկ բժիշկն էլ իր հերթին հեռակա կկարողանա վերահսկել հիվանդի առողջության դինամիկան:

Հնարավոր է, որ հիվանդը չկարողանա մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերել և  ճիշտ չափել սեփական ճնշումը: Հետևաբար՝ էլեկտրոնային քարտում սխալ տվյալների մուտքագրումը կարող է ուղեկցվել սխալ նշանակումներով:

«Ռադիոլուրը» մեր քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ են մտածում էլեկտրոնային այս համակարգի մասին: Պարզվեց՝ քչերը գիտեին սրա մասին:

Ի դեպ՝ 2017 թվականի հունվարի 1-ից  պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում  արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային համակարգը և քաղաքացին, մուտք գործելով armed.am կայք կարող է տիրապետել ոչ միայն իր հիվանդության պատմությանը, այլև ծանոթանալ, թե որ բուժհաստատությունն ինչ սպասարկում է իրականացնում, կամ այդ պահին կարող է պետպատվերով բուժում իրականացնել, թե՝ ոչ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button