Քաղաքական

Սումգայիթից Արցախ.կյանքը կրակի տակ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

1988 թվականին Սումգայիթից Մարտակերտ տեղափոխված առաջին ընտանիքներից մեկն Ավետիսյանների ընտանիքն է: Այդ օրերին Մարտակերտում նոր թաղամաս ստեղծվեց, որ մինչ այսօր էլ Դոմիկներ անունն ունի: Այդ տնակներից մեկում էլ ապրում  է Լաուրա Ավետիսյանը. միչեւ 1988-ը երբեք Մարտակերտում չապրած կինը այդտեղ է կորցրել ամուսնուն,  նորից գաղթի ճանապարհ բռնել, բայց վերադարձել՝ 1993-ին, երբ ազատագրվեց քաղաքը, եւ ապրիլին, երբ ժամանակավորապես ստիպված էին երեխաներին տարհանել:

Գիշերը տղաները անօդաչու են խփել, բայց ես չեմ հասկացել, որ անօդաչու է՝ ասում է տիկին Լաուրան, պատմելով օրվա անցուդարձի մասին: Առաջին պատերազմի ժամանակ անօդաչուներ չկային, հիմա մարտակերտցիները սովորել են գիշերային երկնքում տարբերակել դրանց: Լաուրա Ավետիսյանին Մարտակերտ է բերել Շարժումը:

Ինքը ծնվել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում եւ 35 տարի բնակվել է այդտեղ: Ամուսնացել է արմատներով մարտակերտցի Ռաֆիկի հետ:

1988 թվականին երեք անչափահաս երեխաների հետ ստիպված էին հեռանալ Սումգայիթից:

«Փառք աստծո մեզ ոչիչ չպատահեց, բայց մեր ծանոթներին, բարեկամներին…»:

Իրենք Սումգայիթի արվարձանում էին ապրում: Խաղաղ օր էր, բայց հանկարծ, անհասկանալի ձեւով ամեն ինչ փոխվեց: Քաղաքից լուրեր եկան, որ հայերին կոտորում են, ծեծում, ջարդում, ուսումնարանից տուն հասած աղջիկը իր հրաշքով փրկվելու մասին պատմեց: Ավտոբուսի վարորդն ամբոխից էր փախցրել ուղեւորներին: Ավետիսյաններին երեք օր թաքցրեց հարեւան ադրբեջանցի ընտանիքը:

Հետո զինվորականների օգնությամբ լքեցին քաղաքը: Ամուսնուն խնդրում էր Ռուսաստան գնալ. գնացին, բայց չմնացին:

Արցախում 42-ամյա տղամարդը կամավորագրվեց: Մարտակերտն էր պաշտպանում: 1992 թվականի հունիսին քաղաքն ընկավ: Ընտանիքը  այս անգամ ոտքով բռնեց գաղթի ճամփան:

Իրենք  փրկվեցին, բայց պատերազմը տարավ ընտանիքի հորը:

Հետաքրքիրն այն է, որ ամուսնու զոհվելու մասին պատմելով՝ ադրբեջանցի հարեւանին է հիշում, նրանց հաշմանդամ  որդին բռնությամբ զորակոչվեց ու զոհվեց Մարտակերտի համար մղված մարտերում: Անիծում է նրանց, ովքեր սանձազերծել են պատերազմը:

Իրավիճակն այնպիսինն էր, որ կինը չհասկացավ էլ, թե ինչպես ինքն էլ դարձավ զինվորական: Առաջին գծում չէր, բա ի՞նչ էր: Կապավոր էր: Շուշիում: Մարտակերտում: Հրթիռահրետակոծությունների տակ էր գնում աշխատանքի՝ տանը թողնելով փոքրիկներին:

Հիմա էլ խաղաղ չէ: Ամեն օր կրակոցներ են: Ապրիլին օջախից հեռացան երրորդ անգամ: Ստիպված թոռներին տարավ Մարտակերտից: Հիմա նորից տանն են, բարեբախտաբար իր եւ որդու բնակարնները հրետակոծություների ժամանակ չեն վնասվել: Կյանքը կրակի տակ շարունակվում է, դրանից նեղվում է, բայց սումգայիթյան ոճրագործության մասին հիշողություններն են, որ ստիպում են բժիշկների օգնությանը դիմել:

Զրուցակիցս ժպտում է, արցունքոտ աչքերով՝ անցնում ռուսերենի՝ «Երբեք չեմ մտածել, որ Մարտակերտը կարող է ինձ համար հայրենիք դառնալ: Առաջ չէի սիրում, անտարբեր էի: Հետո այն ինձ այնքան ցավ պատճառեց: Բայց հիմա: Այստեղ ամեն ինչ հարազատ է: Սա իմն է: Ամեն ինչով, լավով ու վատով: Իմն է: Ինչպես կարելի է ամեն ինչ թողնել ու գնալ»:

 

 

Back to top button