Քաղաքական

Կուտակային կենսաթոշակ եւ հիպոթեկ. քննարկումներ ԱԺ-ում

Խորհրդարանի այսօրվա աշխատանքը խիստ բազմաբովանդակ էր զուտ այն պատճառով, որ նախագծերը հիմնականում քննարկվում էին երկրորդ ընթերցմամբ, հետեւաբար՝ արագ էին ընթանում: ԶՈՒ-ին վերաբերող տեխնիկական շտկումներից մինչեւ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում ու ճարտարապետներին վերաբերող հարցեր: Ահա այս տիրույթում է, որ հասարակության լայն շերտերին հետաքրքրող երկու քննարկում ծավալվեց:

Մեկը վերաբերում էր կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին, մյուսը՝  հիփոթեքային վարկերին։ Այս խնդիրները Աժ էին բերել ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին: Սա նաեւ լավ առիթ էր ճշտելու եւ կողմնորոշվելու, թե մոտ ապագայում որ փոխարժեքին ճիշտ կլինի նախապատվություն տալ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանում:

Այժմ մեր ներքին խնդիրների մասին: Ասում են՝ կառավարությունը լսել է բողոքի ձայները եւ համապատասխան հետեւություններ արել: Այժմ փորձում է, բացառապես սպառողի շահերից ելնելով, կարգավորել բանկային հիփոթեքային վարկը վաղաժամկետ մարելու խնդիրը եւ համապատասխան նախաձեռնություն է բերել խորհրդարան: Առաջարկված օրենքով ապահովվում է պայմանագրի թափանցիկությունը, տրվում է 7 օր ժամանակ հասկանալու, թե ինչ բեռի տակ են մտնում, ինչ ծախս են իրականացնելու, նաեւ տեսնելու, թե արդյո՞ք որեւէ թաքնված ծախս, որը չի բացահայտվել պայմանագրով, չկա եւ հետագայում չի կարող օգտագործվել որպես վարկային պարտավորություն:  Հիփոթեքային վարկը վաղաժամկետ մարելու խնդիրը, որը բազմաթիվ բողոքների առարկա էր, կարգավորվել է՝ ասում է Ներսես Երիցյանը:

Այս խնդիրը համարելով լուծված՝ Երիցյանն անցավ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչին: Կառավարությունը որոշել է մի փոքր փոխել խաղի կանոնները: Կուտակային բաղադրիչի կառավարման բարելավման նպատակով՝ նախ խստացվում է պատասխանատվությունը համակարգի կազմակերպությունների նկատմամբ: Վստահության առումով թեեւ սա նոր քայլ է, բայց ԿԲ փոխնախագահը համոզված է՝ առանց սրա էլ հետաքրքրությունը համակարգի նկատմամբ աճում է, իսկ որ հետաքրքրությունն էլ ավելի մեծանա՝ կառավարությունը պատրաստ է թույլ տալ քաղաքացիներին կամավորության սկզբունքով անդամագրվելու եւ համակարգից դուրս գալու այն պահին, երբ ցանկանան:

Կառավարությունը պատրաստ է գնալ մի շարք այլ զիջումների եւս՝ մեղմացնում է ներդրումային սահմանափակումները, որ ավելի մեծ գումարներ ուղղվեն դեպի տնտեսություն, հեշտացվում է էլեկտրոնային տարբերակով քաղվածքներ ստանալը՝ տեսնելու կուտակումների եւ կատարողականի մասին քաղվածքները:

Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչով ունեցած ցուցանիշերն այս պահին պատասխանատուներին գոհացնում են: Ֆոնդերի եկամտաբերությունը 27 տոկոս է: «Դա շատ ավելի բարձր է, քան՝ դեպոզիտների, քան այլ ակտիվների եւ անշարժ գույքի տոկոսը»,- բացատրում է Երիցյանը: Միջոցների 70 տոկոսից ավելի ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ՝ պետական արժեթղթերում, միջին ձեռնարկություններում, կորպորատիվ արժեթղթերում:

Ցանկը դեռ պետք է ընդլայնվի: Իսկ այն, ինչ ամենաշատն է հետաքրքրում քաղաքացիներին, հետեւյալն է՝  կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր դրույթը հետաձգվել է մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը: Աժ-ն դա կապել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ դրա հետ կապված տեխնիկական տարբեր ծրագրային  ապահովման խնդիրների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button