Տնտեսական

Գյուղատնտեսությունը բիզնես, թե՞ հանապազօրյա հացի խնդիր լուծելու միջոց


«Օքսֆամ Հայաստան»- ի Գյուղատնտեսական դաշինքն այսօր Երևանում ֆերմերների  համար  հանդիպում — քննարկում էր կազմակերպել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի  հետ: Նախարարը ներկայացրել է ոլորտում առաջնահերթ համարվող ուղղություններն ու նշել, որ   սննդամթերքի որակի և անվտանգության ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում: Իգնատի Առաքելյանը կարևորել է  պարտադիր սպանդանոցային մորթի  անցնելու քաղաքականությունը: «Անցնելու ենք, սա հերթական հայտարարությունը չի, այլ որոշում է, որը պետք է անենք»,- ասել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն՝  նշելով,- «հասել ենք մի սահմանի, երբ սննդամթերքի անվտանգությունն ավելի կարեւոր է։ Կլինեն տարբեր կարիծքներ, դժգոհություններ, կասեն սպանդանոցներ չկան, գյուղացին նորից կտուժի։ Բայց պետությունը պետք է կարողանա  համակարգել  այդ  հարցերը»,- հայտարարել է Իգնատի Առաքելյանը: Ընդհանրապես  կառավարությունը որդեգրել է գյուղատնտեսությունը բիզնեսի վերածելու քաղաքականություն, ի՞ նչ են մտածում իրենք՝ շահառուները, սրա մասին:

Գյուղատնտեսությունը բիզնես, թե հանապազօրյա հաց  ունենալու միջոց: Կարծիքները տարբեր են՝ ֆերմերների մի մասը պնդում է՝ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ: Նաև հավելում են՝ եկամտաբեր էլ չէ: Պատճառները տարբեր են՝ ֆինանսական միջոցներ չունեն, բերքից  ակնկալվող արդյունք չեն ստանում, գյուղատնտեսական տեխնիկան  խորհրդային տարիներից է ժառանգություն մնացել։ Արագածոտնի մարզի   Թալինի տարածաշրջանում գործող «Կանչ»  կոոպերատիվի նախագահ   Հարություն Մխիթարյանն էլ մեկն է այն ֆերմերներից, որոնք փորձում են, օրինակ,  կաթնամթերք արտադրել, այն բիզնեսի վերածել։

«Փորձում ենք  պանիր արտադրել, այն իրացնել Հայաստանում: Արտադրում ենք Լոռի, Չանախ, ոչխարի: Յոլա ենք գնում։ Խնդիրներն են շատ, ֆինանսական միջոցներն են սուղ։ Հայաստանում, մանավանդ մեր տարածաշրջանում, այն եկամտաբեր չէ»:

Գյուղատնտեսությունը բիզնեսի վերածելը, ի դեպ, Կարեն Կարապետյանի կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Բիզնեսից գործադիր տեղափոխված նախարար Իգնատի Առաքելյանն էլ է այդպես մտածում։ Ավելին՝ ֆերմերներին կոչ է անում.«Մենք պետք է կարողանանք էժան արտադրանք ստանալ»:

Էժան արտադրանք, ուստի և շահույթ, կարելի է  ստանալ, եթե ժամանակակից գյուղատնտեսությունը զարգանա:  Մինչդեռ մեր երկում անգամ կոոպերատիվների մի մասն է հնագույն տեխնոլոգիաներով գյուղատնտեսությամբ  զբաղվում։ Սահմանամերձ Տավուշում՝  Ներքին Ծաղկավանում,  գործող  «Ծաղկունք»   կոոպերատիվում ջերմոցային տնտեսությամբ են զբաղվում,  բանջարեղեն են աճեցնում։ Կոոպերատիվի անդամ  Սոնա Ղազարյանն  ավելորդ է  համարում անգամ  ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու մասին խոսելը։ Ամենատարածված՝  կաթիլային ոռոգման համակարգ էլ չունեն.

«Լոբի, վարունգ, բիբար, բերքը ուշ է  հասունանում: Մինչև հասնում է՝ արդեն հողի վարունգ, լոլիկն էլ է հասնում, մենք չենք կարողանում իրացնել: Գինը ընկնում է, աշխատանքի մեջ արդյունք չի երևում: Հոսանք, ջեռուցում չունենք, ցելոֆանապատ է»:

Սահմանամերձ այս համայնքում, զրուցակիցներիս խոսքով,  ջերմոցները, ու ոչ միայն, թշնամու նշանառության տակ են: Վերջին անգամ  երեկ երեկոյան են կրակել:

«Մենք էլ նրանց մոտ ենք, նրանց անասունի բառաչն էլ ենք լսում»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից  հետաքրքրվեցի՝  արդյո՞ք  կառավարությունը  նախատեսում է  հատուկ  սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսության զարգացման ծրագրեր  ներդնել, թե՝ ոչ.

«Շատ կարևոր հարց եք տալիս, սահմանամերձի համար հատուկ ծրագիր չկա: Բայց անպայման կլինի, հատուկ սահմանամերձ համայնքների համար: Այսօր սահմանամերձ գյուղերի հետ կապված խորհրդակցություն է լինելու՝ ոնց խրախուսենք, որ գյուղացիներն այնտեղ աշխատանք ունենան: Պետք է հասկանանք սահմանամերձ համայնքն ինչի հնարավորություն ունի, ինչով են ուզում զբաղվել»:

Գարնանն ընդառաջ՝ գյուղացիների առջև կանգնած խնդիրներն ավելի ակնառու են դառնում: Կառավարությունում  խոստանում են՝ շարունակելու են աջակցել գյուղացուն՝ մատչելի  գնով  պարարտանյութ կտրամադրեն, գարնանացան սերմացու նույնպես կտրամադրեն,  կներդնեն լիզինգով գյուղտեխնիկա  տրամադրելու ինստիտուտը՝  20 տոկոս կանխավճար, մինչև տասը տարի ժամանակով, երկուսից երեք տոկոս  տոկոսադրույքով: Դիզվառելիք չեն տրամադրի,  համապատասխան գումարն այլ ծրագրերի , այդ թվում նաև լիզինգի ցածր տոկոսադրույքներին կուղղեն:  Իսկ առջևում՝ բնության քմահաճույքներն են, որոնց դեմ նույնպես պետք է պայքարել:

Ցուցադրել ավելի
Back to top button