Քաղաքական

Ադրբեջանական հարձակումը թեստ էր. քաղաքագետ


Հայ-ադրբեջանական սահմանում եւ արցախա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար սրվող լարվածության մեղման հնարավոր ելքերին, հակամարտության օջախը թեժացնող ալիեւյան նոր մտադրություններին, եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների ֆոնին Հարավային Կովկասի ճակատագրին են անդրադարձել հայ եւ ռուս քաղաքագետները: Չնայած որ տարածաշրջանում ուժերի վերադասավորության հարցում եղել են տարբեր մոտեցումներ, բայց մեկ հարցում միասնականություն, այնուամենայնիվ, քաղաքական գործիչներն ունեցել են:

Ադրբեջանի հարձակումները չեն համապատասխանում ռազմական տրամաբանությանը, պայմանավորված են ներքին քաղաքական խնդիրներով և դիվանագիտական օրացույցով, ներքին տնտեսական խնդիրները լուծելու փորձ են: Տեսակետը «Տարածաշրջանային հետազոտությունների» կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին է։ Վերլուծելով Ադրբեջանի հերթական նախահարձակ վերջին հարձակումը՝ նա ցավով հավելում է, որ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին հերթական հարձակումը նախաձեռնելիս: Քաղաքագետը համադրելով խնդրի լուծման գործում ներքին եւ արտաքին գործոնները, այդ ամենում տեսնում է արտաքին ճնշման փորձ:

Խնդրի կարգավորման կողմ հանդիսացող ՀՀ-ին շարունակում են խոցելի  դարձնել ներքին մարտահրավեր հանդիսացող կոռուպցիոն չարաշահումները:

Որտե՞ղ է գտնվում խնդրի կարգավորման բանալին. քննարկմանը տեսակապով միացած ՌԴ արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սկակովը թվարկում է՝ Մոսկվայում,  Բրյուսելում,  Վաշինգտոնում,  Ստեփանակերտում և Երևանում։ Իսկ ո՞րն է հանգուցալուծման ձգձգման պատճառը՝ հստակ պատասխանում է. «Պարզապես կողմերը համաձայնության չեն կարողանում գալ»:

Շարունակելով խնդիրը դիտարկել աշխարհաքաղաքական շահերի եւ հետաքրքրությունների տեսանկյունից՝ ռուս քաղաքագետը ներկայացրեց այն թնջուկները՝ Սիրիա, Իրան, որոնք գերտերությունների ուշադրության կենտրոնում են:

«Այսօր Ղարաբաղյան հակամարտությունը առաջատար տերությունների օրակարգում չէ։ Այն հետաքրքիր չէ ոչ Վաշինգտոնի, ոչ Բրյուսելի համար։ Մոսկվան ավելի մոտ է, բայց նրա համար էլ այնքան կարեւոր չէ։ Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, կապված էր նաեւ սրա հետ։ Իհարկե ՄԽ զբաղվում է հակամարտությամբ, դրա անդամների միջեւ լուրջ հակասություններ չկան։ Սակայն խաղաղ կարգավորման գործընթացում ինչ- որ ակտիվացում եւս կա։ Ուստի ապրիլին Ադրբեջանի գործողությունները ուղղված էին հակամարտության ապասառեցմանը։ Մոսկվան ինչ- որ բան պետք է որոշեր, բայց որոշել չէր ցանկանում։ Այսինքն՝ կար իրավիճակ, որը ձեռնտու էր եւ Մոսկվային, եւ Բրյուսելին, եւ Վաշինգոտնին։ Իհարկե իրական պատերազմի պայմաններում ինչ- որ բան որոշելը շատ բարդ է։ Մոսկվան հատուկ հարաբերություններ ունի Երեւանի եւ Բաքվի հետ»։

Քննարկմանը ներկա Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ շփման գծում իրավիճակի սրման պատճառները տարբեր են, բայց կարևորագույն պատճառն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն, այդ պատճառով էլ հրաժարվում է բանակցային գործընթացից և Հայաստանի առջև անընդհատ նախապայմաններ է դնում։ Իսկ վերջին հարձակման պատասխանը  դաս էր Ադրբեջանի համար:

«Այս վակուումը ինչով պետք է լրացնել, ռազմական գործողություններով: Հայաստանն իհարկե շատ բան պետք է անի, և քաղաքական, և դիվանագիտական կողմերի ուժեղացում, սակայն կարծում եմ՝ այս պահին կարևորագույն ասպեկտը պետք է լինի մեր բանակի ուժեղացումը»։

Արդյո՞ք նոր սրացումներ կանխատեսվում են։ Մասնավորապես, ադրբեջանական գործողությունները որպես կանոն կապվում են տարեթվերի եւ իրադարձությունների հետ Ռիչարդ Կիրակոսյանը, հղում կատարելով ապրիլյան իրադարձություններին, նշեց,  որ վերջին՝ փետրվարյան հարձակումը, թեստ էր. դա նախապատրաստություն էր հերթական հարձակմանը, որը չի լինի ընտրություններից առաջ, իսկ ընտրությունից հետո կանխատեսելի հարձակումը կլինի առաջին թեստը նոր ընտրված խորհրդարանի համար: Ռուս քաղաքագետը պատասխանն այլ էր. «Առաջիկայում նման սրացման հիմնավոր պատճառներ չկան: Պահպանված է նաև ռազմական հավասարակշռվածությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button