Տնտեսական

Այգեթաղ չկատարած այգիները ցրտահարության վտանգի առաջ են


Հատկապես Արարատյան դաշտավայրում գրանցված երկարատև ցածր ջերմաստիճանը վտանգել է  խաղողի այգիների մի մասը: Պտղատու ծառերի հետ կապված  մասնագիտական կանխատեսումները տարբեր են: Մի մասը պնդում է, որ դեղձենին ու  բալենին նույնպես ցրտահարվել են, մյուսներն էլ՝  դեռ չեն շտապում հայտարարություններ անել:

 

 

Եվս երկու օր և օրացուցային գարունն իր իրավասությունների մեջ կմտնի: Օդերևութաբանները, սակայն, գարնանային ջերմաստիճան դեռ չեն խոստանում:  Սա թերևս բոլորիս ամենասպասված  հայտարարություններից մեկը կլինի:  Իսկ անցնող ձմեռը բավականին խիստ ու անսովոր էր հատկապես  Արարատյան դաշտավայրի բնակիչների համար: Բացասական  բավականին ցածր ջերմաստիճանը դեռ երկար հիշեցնել կտա բոլորիս, ու հատկապես Արարատի ու Արմավիրի մարզերի գյուղատնտեսներին:

Գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող այս մարզերի մի շարք համայնքներում  վտանգված են խաղողի այգիները:  Հատկապես նրանց, ովքեր այգեթաղ չեն կատարել: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշում է, որ  նախնական հաշվարկներով   համայնքի խաղողի այգիների մոտ  40  տոկոսը ցրտահարվել են: Ռիսկի խմբում են այգեթաղ չկատարած այգիները: Ցրտահարվել է անգամ համայնքի ղեկավարի խաղողի այգին

«Իհարկե վտանգ կա, ամեն մեկը մի պատճառով այգեթաղ չի կատարել։ Մեր սեփականը մենք էլ չենք թաղել, ինչ իմանամ, իհարկե ցրտահարվել են: Եսիմ ժամանակ չունեինք»:

Արմավիրի մարզի Այգեշատ ու Արտաշար համայնքներում եւս նույն  ճակատագրին են արժանացել խաղողի այգիները: Պատկերը դեռ նախնական է, համայնքների ղեկավարների թվային տվյալները նախնական են։ Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանն էլ է նշում, որ վտանգված են այն այգիները, որոնցում այգեթաղ չի կատարվել: Երբ փորձեցի պարզել, թե կոնկրետ այս համայնքում մոտավոր ինչ տվյալներ կան, ասաց.«Դե չգիտեմ, չենք ընկնում դռնեդուռ հարցնենք՝ խի կատարեցիր, խի չկատարեցիր: Գյուղի մեջ կան մարդիկ, որ խոսում են, որ չեն հասցրել, ձյունն ա եկել»:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նույնպես նշեց, որ  հավանական է՝ որոշակիորեն ցրտահարված լինեն  այգեթաղ չկատարված այգիները:

«Այսինքն կունենանք բերքի կորուստներ»:

Արարատյան  դաշտավայրում  պտղատու ծառերի մի մասն էլ է ցրտահարվել՝ պնդում է  է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա  Բերբերյանը:

«Լուրջ վնասվել է բալենին, դեղձենին: Ծիրանի հետ կապված դեռ ուսումնասիրում ենք»:

Արարատի ու Արմավիրի մարզերի մի քանի համայնքների ղեկավարները սակայն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում են, որ պտղատու ծառերի մասով անհանգստանալու կարիք չկա: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյան.«Պտղատու ծառերի մասով այս պահի դրությամբ չունենք մեթոդ, որ իմանանք այս պահի դրությամբ ցրտահարվել են, թե՝ ոչ։ Ամեն դեպքում՝ ելնելով խնամքից, մշակությունից, ագրոպայմաններից, լավ մշակված ծառերը հնարավոր է, որ ցրտահարված չլինեն: Հակառակը՝ որտեղ նորմալ աշխատանքներ չեն արվել, չի բացառվում, որ բերքի որոշակի կորուստ լինի»:

Վերջնական պատկերը պարզ կլինի միայն , երբ կսկսվեն  էտի, սպիտակեցման ու գյուղատնտեսական մյուս  աշխատանքները:

Back to top button