Քաղաքական

Սպասվում են մրցակցային ընտրություններ


ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերն ունեն լայն գաղափարական հորիզոն՝ գալիք ընտրություններին մասնակցելու են ինչպես կոմունիստները, այնպես էլ ծայրահեղ ազատականները, պահպանողականները, սոցիալիստները, լիբերալները, ժողովրդավարները: Հետևաբար, գաղափարական առումով ընտրությունը լինելու է մրցակցային: Մինչև քաղաքական ուժերի ծրագրերի հրապարակումը, սակայն, դժվար է ասել, թե արդյո՞ք ընտրությունը կլինի Հայաստանի զարգացման հեռանկարների մոդելների շուրջ: Նաեւ այս հարցերին են այսօր նվիրվել երեւանյան մամուլի ակումբներում կայացած քննարկումները:

 

Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք կարգախոսով է այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կոմունիստների դաշինքի անդամ Վազգեն Սաֆարյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին եւ կընտրի իրենց:

Կոմունիստներն առաջարկելու են մարդուն այն ճանապարհը, որը նրան արժանապատիվ կյանք կապահովի՝ վստահեցրեց կոմունիստների դաշինքի ներկայացուցիչը: Իրենք սոցիալիստական ուղին կներկայացնեն նորովի:

Ընտրության, փոփոխության եւ հաղթանակի համար ճանապարհը «Ելք» դաշինքն է՝ համոզմուք հայտնեց դաշինքի անդամ, նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ծառուկյան դաշինքից լրագրողների հետ այսօր հանդիպել էր Մանուկ Սուքիասյանը:

Մանուկ Սուքիասյանն ասաց, որ «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակը»  ձեւակերպված կարգախոսով իր ցանկություններն ու նպատակներն այս ընտրություններում կներկայացնի Ծառուկյան դաշինքը: Դաշինքի անդամը վստահեցրեց, որ դրանք կունենան գործնական նշանակություն: Մինչ այդ էլ՝ շատերին առնչվող խնդիրների հետ կապված մոտեցումները Ծառուկյան դաշինքը ձեւակերպել է 15 կետով:

15 կետի փոխարեն 30 քայլով է  Հայաստանի փոփոխության ուղին ուրվագծել եւ պատրաստվում է այն քարոզարշավում ներկայացնել հանրությանը ՀՎԿ-ն: Կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանն ասաց, որ իրենք կարեւորում են ծրագրային դրույթները եւ մի քանի օրից էլ կհրապարակեն այն ծրագիրը, որով մտադիր են տարբեր ոլորտներում վերածնունդի հասնել:

Այն ծրագրերը, որոնք իրենք են առաջակում, փաստարկված են թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ կյանքի կոչելու հնարավորությունների   առումներով՝ եզրափակեց ՀՎԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ընտրությունները ենթադրում են ոչ միայն անձերի, այլ նաև երկրի զարգացման մոդելի ընտրություն, հետեւաբար կարեւոր է, որ ընտրողը կարողանա ընտրել ոչ միայն անձերի, այլ նաեւ Հայաստանի զարգացման մոդել:

«Կարգախոսների առաջին վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ քաղաքական ուժերը փորձել են համադրել սեփական քաղաքական ամբիցիաները հասարակության ակնկալիքների հետ. այն, ինչ ըստ քաղաքական ուժերի՝ ակնկալում է ժողովուրդը և այն, ինչ քաղաքական ուժը հավակնում է ստանալ այս ընտրություններից»:

ՀՀԿ կարգախոսի՝ «Անվտանգություն և առաջընթաց»-ի վերաբերյալ էլ Արմեն Աշոտյանը շեշտեց, թե միակն են, որ ընդգծել են անվտանգության ապահովման խնդիրը:

«Իրականում անվտանգության գործոնը կարևորագույններից մեկն է տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի ապագայի համար և ՀՀԿ-ն այն բացառիկ քաղաքական ուժն է, որ կարող է տեր կանգնել այս խնդրին»:

Ցուցադրել ավելի
Back to top button