ԿարևորՔաղաքական

Սահմանային լարվածությունից մինչև ընտրակաշառնքեր ու «հաց բերողի» գործ. մեկնարկել է ԱԺ քառօրյան


Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Սա, թերևս, այս գումարման խորհրդարանի  վերջին լիարժեք նիստն է, հաջորդը նախատեսվում է նախընտարական քարոզարշավի  ընթացքում ՝ մարտի 20-23-ին , և դրա անցկացումը լուրջ հարցականի տակ է:

Իսկ այսօր խորհրդարանը  հավաքվել է գրեթե ամբողջական կազմով: Գրանցվել է 100 պատգամավոր: Նիստը, ավանդույթի համաձայն, մեկնարկել է քաղաքական հայտարարություններով՝ սահմանային լարվածությունից մինչև ընտրակաշառնքեր ու «հաց բերողի» գործ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկել է փակ նիստ հրավիրել ու քննարկել ռազմական էսկալացիային,  պետական ռազմավարությանն առնչվող հարցերը: Գալուստ Սահակյանը ասել է ՝ կմտածեմ:

ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը զուգահեռ է տարել. սահմանային իրավիճակը մտահոգիչ է, բայց նախընտրական պայքարը ոչնչով չի տարբերվում ֆրոնտից եկող լուրերից՝ ասել է պատգամավորը ու հիշեցրել վերջին օրերի  ներկուսակցական ու միջկուսակցական բախումները: Պառակտումների պատճառը, ըստ Խաչատրյանի, ընտրական օրենսգիքրն է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոսել է միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի,  մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի  հայտարարության մասին:  Այն պարագայում, երբ հայկական զինված ուժերը ներկայացրել են բոլոր հնարավոր փաստարկները, որոնք հուշում են, թե կողմերից որն է խախտել հրադադարի ռեժիմը, որն է ձեռնարկել ռազմական էսկալացիայի փորձ, այդուհանդերձ, արձագանքը մնում է ոչ համարժեք ստեղծված իրավիճակին և հարցեր է առաջացնում՝ ասել է Ֆարմանյանը և հավելել. «Մենք պետք է կարողանանք միջազգային  միջնորդներին, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, տեղ հասցնել այն ճշմարտությունը, որ նման անհամարժեք, կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, բացի այն, որ Ադրբեջանը դրանք որպես ծխածակույթ է օգտագործում իր հերթական  ապակառուցողական ձեռնարկների համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button