Քաղաքական

Նախընտրական թեժ քառօրյա


Այսօր մեկնարկել է Աժ հերթական քառօրյա աշխատանքը: Թեեւ մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կա եւս մեկ քառօրյա, բայց պատգամավորներից շատերն արդեն կանխատեսում են, որ սա վերջին աշխատանքային քառօրյան է։ Հաջորդը համընկնելու է քարոզարշավի թեժ շրջանի հետ։ Հետեւաբար կարծում են, թե մարտի 20-ից մեկնարկող քառօրյան կտապալվի: Այսօր նույնպես խորհրդարանի աշխատանքի մեկնարկը թեժ էր: Շուրջ մեկ ժամ պահանջվեց պատգամավորներից օրակարգը հաստատելու համար:


Նախընտրական աղմուկը եւ թեժ մթնոլորտը կարելի է ասել, որ  արդեն տեղափոխվել է խորհրդարան: Ահա այս պահին պատգամավորները՝ ձայնալարերը չխնայելով վիճում են միմյանց հետ, պարզելու՝ ով  է ընտրակաշառք բաժանողը: Ամենաուշագրավն այն է, որ վիճում են եւ պատասխան են պահանջում այն հարցի շուրջ, թե օրինակ՝ Գյումրիում ով էր ընտրակաշառքի գին բարձրացնողը: Ասեմ, որ այս աղմուկը եւ այսպիսի որակի քննարկումը տեղի է ունենում ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի հաստատման ընթացքում:

Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պահանջում է մինչեւ ընտրություններ շուտափույթ փոխել ընտրական օրենսգիրքը, բայց Աժ ղեկավարությունից լսեց պատասխան՝ օրենսգիրքը ամենաքննարկված փաստաթղթերից մեկն  եւ ընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար: Պատգամավորներից շատերին սակայն արդեն մտահոգել է, որ քարոզարշավը դեռ չսկսած «ռեյտինգային» ցուցակով առաջադրվածների միջեւ սկսվել է ուժային պայքար՝ բառի բուն իմաստով: Երեկ հայտնի դարձավ Փարպի գյուղում տեղի ունեցած ծեծի մասին: Ահազանգի համաձայն՝ հանրապետականի անունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավոր Բազմասեր Առաքելյանի այսպես ասած «քարոզչության» արդյունքում դաշնակցության համակիրներից մի քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում: Արագածոտնի մարզի դատախազի կողմից միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանության Աշտարակի բաժին: Դաշնակցական պատգամավորներն այս հարցի մեկնաբանություններից այսօր խուսափում էին:

 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խախտումների, քաղաքացիների համատարած վերագրանցումների եւ բաժանվող ու խոստացվող ընտրակաշառքների մասին այսօր հայտարարում էին ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի ու նույնիսկ Հանրապետականի պատգամավորները:

Այսօր նշվում էին նաեւ մի շարք ընկերությունների անուններ, որոնց ղեկավարներն աշխատակիցներին պարտադրում են գնալ քվեարկելու կոնկրետ թեկնածուի օգտին, դուրս գալ հաշվառումից եւ մեկ այլ վայրում հաշվառվել։

Ցուցադրել ավելի
Back to top button