Հասարակություն

Թլիկ գյուղի մոտ կատարված սպանության պաշտոնական տարբերակները տարբերվում են իրարից

Թլիկ համայնքի ղեկավարից նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա։ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից ներկայացնում են դեպքը այսպես՝ «դեպքի  վայրի զննությամբ, Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ:  Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա մի բնակիչ։

Վերջինս հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ»:

Վերջին մասով ՔԿ դեպարտամենտի  տարբերակը տարբերվում է  ոստիկանության՝ ավելի վաղ տարածած  հայտարարությունից, ըստ որի՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button